Tert.am-ը գրում է․
Հայաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով նախապատրաստվում են խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29) համարում էին հնարավոր «վերջնաժամկետ», սակայն գագաթնաժողովը մեկնարկել է երկուշաբթի, բայց խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել: Այս մասին գրում է BBC-ն՝ ներկայացնելով «Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության» վերտառությամբ հոդվածը:
Աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև մնում են լուծում չստացած տարաձայնություններ, և այդ մասին զգուշացրնում էին փորձագետներն ու ակտիվիստները, որոնք փորձել են տարիներ շարունակ ընդհանուր լեզու գտնել:
«Սակայն նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը գաղտնի են պահում խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները և չեն խորհրդակցում քաղաքացիական հասարակության հետ: Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության և հանդիպումների համար։ Հայաստանում խաղաղության հավատարիմ կողմնակիցները մնում են մեկուսացված և փոքրամասնություն են, փոխարենը կառավարությունը ապավինում է իրեն լոյալ փորձագետներին», - ասվում է հոդվածում:
Նշվում է, որ օգոստոսին ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են Պրահայի Կառլզի համալսարանի 29-ամյա դասախոս Բահրուզ Սամեդովին։ Հայ ակտիվիստների հետ շփումների պատճառով Սամեդովին մեղադրել են դավաճանության համար և այժմ նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Սամեդովը հանդես է եկել երկու երկրների հաշտեցման օգտին, սակայն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը։
«Պատերազմը երբեք չի ավարտվել, երբեք խաղաղության գործընթաց չի եղել» վերնագրով հոդվածում նա գրել է, որ Բաքուն ցանկանում է ստիպել Երևանին ընդունել «ավտորիտար խաղաղություն»։ Նա այս մոտեցումը որակել է «խաղաղություն առանց հաշտության»։ Սամեդովի ձերբակալությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել են նաև հակապատերազմական ակտիվիստ և գրող Սամեդ Շիխին և լրագրող Ջավաիդ Աղան:
Հոդվածում նաև նշվում է, որ 2020 թվականի արցախյան պատերազմի և դրան հաջորդած սրացումների ժամանակ ադրբեջանցի ակտիվիստների նոր սերունդը սկսել է ավելի ակտիվ լինել: Նրանք սերտ շփվում էին հայ երիտասարդների հետ. միասին մասնակցում էին փոդքասթներին, վիճում և համաձայնության գալիս X-ում, համատեղ հոդվածներ հրապարակում գիտական ժողովածուներում և լրատվամիջոցներում: Այս ամենը գրավել է ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը ոչ միայն Բահրուզ Սամեդովի, այլև այլ ակտիվիստների ու անկախ լրագրողների վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա BBC-ն նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման սկզբում հրաժարվում էր փոխզիջման գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն 2020 թվականին պարտությունից հետո Փաշինյանը փոխել է կուրսը, ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և հայտարարել «խաղաղության օրակարգ»։
«Այժմ նա չի պահանջում ո՛չ Ղարաբաղի հայերի ինքնավարության կամ գոնե իրենց տները վերադառնալու իրավունքի իրագործում, այլ ցանկանում է արագ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ», - գրում է BBC-ն:
«Երկար ժամանակ հակամարտող կողմերի միջև կար ըմբռնում, որ առաջնորդները պետք է համաձայնության գան, այնուհետև ՀԿ-ներն առաջ գան և համաձայնությունը «վաճառեն» հանրությանը», - ասել է Լոնդոնի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող, հայ-ադրբեջանական հակամարտության մասին գրքի հեղինակ Լոուրենս Բրոերսը:
Խաղաղության գործընթացը, ինչպես նաև բանակցությունները, որոնք երկրները վարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ, նրա խոսքով, միշտ էլ եղել են ոչ թափանցիկ։ Բրոերսի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: