Հոկտեմբերի 31-ին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նա մեզ գրավոր հայտնել է, որ նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերին է նամակով դիմելու խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար:
Այսինքն, Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ սեպտեմբերից պատրաստ է, սակայն Անդրանիկ Քոչարյանը քաղաքական բարենպաստ, հանդարտ, շահեկան պահի է սպասում ԱԺ նախագահին դռնփակ նիստ հրավիրելու նպատակով նամակ ուղարկելու համար:
168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ զեկույցը չի ուղարկվել նաև համապատասխան գերատեսչություններ, և երբ զեկույցը կուղարկվի, և կունենան նրանց կարծիքը, այդ ժամանակ էլ կորոշվի զեկույցի բաց կամ փակ լինելու հարցը: Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ, հնարավոր է՝ զեկույցի ներկայացման բաց մաս չլինի։
Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 44-օրյային առնչվող տեղեկատվության բաց լինելն իրենց «փրկությունն» է՝ հիշեցնելով Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթը, որից հետո հարցաքննությունը շարունակվել է դռնփակ:
Սակայն Ալեն Սիմոնյանը մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ հրապարակային հարցաքննությունից:
Փոխարենը՝ ԱԺ նախագահը լրագրողներին ասել է, որ եթե պատերազմի հետ կապված որևիցե ինֆորմացիա փակ է, պատճառը միջպետական հարաբերություններն են։
Նշենք, սակայն, որ դա միակ պատճառը չէ, որ իշխանությունները փակ են պահում պատերազմական տեղեկատվությունը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ է հաղորդել, այդ թվում՝ միջպետական և դաշնակցային հարաբերություններին առնչվող:
Մասնավորապես, ընթացիկ տարվա ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում…, դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ–ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են»:
168.am-ը ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններում, դա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերի՞ն է եղել, թե՞ այլ ժամանակահատվածում, և ի՞նչ հիմնավորմամբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը:
Մեկ ամիս հետո՝ մայիսին, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ նշել էր, որ «ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրված պաշտոնական պարզաբանումներից զատ հավելյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/11/09/2123943.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել