Pastinfo.am-ը գրում է․

Հանրապետության հրապարակում այս տարի ամանորից դեռ 2 ամիս առաջ են սկսել տոնական ձևավորման աշխատանքները։

Քաղաքապետարանից «Փաստինֆոյին» հայտնեցին, որ փորձում են ավելի շուտ տոնական մթնոլորտ հաղորդել մայրաքաղաքին։

«Պարզապես ուզում ենք արդեն դեկտեմբերի սկզբին մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին տոնական տրամադրություն հաղորդել։ Աշխատանքները ծավալուն են ու մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ ժամանակին հասցնենք՝ ավելի շուտ ենք սկսել։ Եթե նկատել եք՝ ճյուղ առ ճյուղ հավաքվում է տոնածառը և շատ դանդաղ է ընթացք ստանում, հազարավոր ճյուղեր հատիկ առ հատիկ հավաքվելու են»,- նշեցին քաղաքապետարանից։

Ամանորյա տոնական ձեւավորման նպատակով պետական գնումներ իրականացնելու համար քաղաքապետարանը մրցույթներ սկսել է հայտարարել դեռեւս հոկտեմբերի 3-ից, սակայն տոնածառի տեղադրման աշխատանքներն այս պահին իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Ձևավորում և սպասարկում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այպես վստահեցրեցին քաղաքապետարանից։

Քաղաքային իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում մրցույթների հաղթողների մասին տեղեկություներ հաղորդել՝ նշելով տեղեկատվությունն ամբողջական չէ։ «Երբ ամբողջական տեղեկատվությունը պատրաստ լինի՝ ողջ փաթեթով կներկայացվի»։

Չնայած դրան՝ Երևանի քաղաքապետարանի գնումներ բաժնից տեղեկանում ենք, որ դեռ հոկտեմբերին քաղաքապետարանը 2 մրցույթ է հայտարարել՝ Ամանորյա տոնական ձևավորման ծառայության ձեռքբերման համար։

Առաջին մրցույթն հայտարարվել է հոկտեմբերի 3-ին, այս դեպքում գնման գին է սահմանվել 7 000 000 դրամը, երկրոդ մրցույթը ձևավորման ծառայությունների ձեռքբերման համար հայտարարվել է հոկտեմբերի 23-ին՝ 16 500 000 դրամով։

Երկու դեպքում էլ հայտերի բացումը պետք է տեղի ունենար հայտարարության հրապարակման օրվանից հաշված 12-րդ օրը։ Մի քանի այդ մրցույթներ էլ հայտարարվել են տոնական միջոցառումները կազմակերպելու եւ քաղցրավենիք ձեռք բերելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել