Lragir.am-ը գրում է.
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ով քաղաքապետարանի կողմից օրերս հրավիրվել է մասնակցելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ քննարկումներին, համոզված է, որ Երևանում ուղեվարձը ոչ թե պետք է թանկանա, այլ էժանանա: «Եթե տնտեսական ճիշտ քաղաքականություն վարվի, եւ այսօր, եւ հեռանկարում էժանացման մասին պետք է խոսք գնա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ այսօր Երևանում հասարակական տրանսպորտը կործանման եզրին է:
Նա նշեց, որ քաղաքապետարանը գործընթացը գաղտնի է պահում հասարակությունից: Ուղեվարձի նախորդ բարձրացումից, այնուհետև որոշումը չեղյալ համարելուց հետո, Արմեն Պողոսյանի խոսքով, քաղաքապետարանը խոստացել էր, որ երկու ամսվա ընթացքում հանրային քննարկում կլինի:
«Այդ երկու ամիսը վաղուց անցել է, մենք արդեն պետք է վաղուց տեղեկացված լինեինք խնդրին, այնինչ ես ընդամենը մի քանի օր առաջ եմ մասնակցելու հրավեր ստացել: Ասել են՝ շուտով քննարկում կլինի, թե երբ, չգիտենք: Ես պատկերացում չունեմ, թե ինչ նյութ է դրվելու սեղանին, որ հիմնավորեն: Մենք մեր հաշվարկներն ունենք, որ կներկայացնենք»,- ասաց նա:
Արմեն Պողոսյանը նաև համոզված է, որ առանց ուղեվարձի բարձրացման էլ հնարավոր է տրանսպորտային նորմալ ծառայություն մատուցել հասարակությանը, պարազապես պետք է ճիշտ քաղաքականություն վարել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել էր, որ Երևանում ուղևորափոխադրում իրականացնող բոլոր 62 ընկերություններն էլ քաղաքապետարան ուղեվարձի թանկացման հայտ են ներկայացրել: