Այն, որ զբոսաշրջիկների թիվը նվազել է, նորություն չէ. դա երևում է թե՛ անզեն աչքով, թե՛ վիճակագրական տվյալներով: Բայց դա ընդդիմության հանրահավաքների հետ կապելու համար առնվազն պետք է ծայրահեղ մեծ երևակայություն ունենալ: Այսինքն, փոխանակ հասկանալու իրական պատճառները, մարդիկ որոշել են զբաղվել տիպիկ քպականությամբ՝ մեղավոր «նշանակելով» այլոց, այլ երևույթների, այս դեպքում՝ հանրահավաքները: Հանրահավաքներ Հայաստանում եղել են միշտ, եղել ու լինում են ցանկացած երկրում, հենց թեկուզ՝ հարևան Վրաստանում, բայց զբոսաշրջությունը չի տուժում: Իրականում զբոսաշրջային հոսքերի նվազման պատճառները չափազանց շատ են, այդ թվում՝ նույն քպական իշխանության ապաշնորհության արդյունքում: Ընդ որում, ոլորտի մասնագետները նշում են, որ դրանց թվում կա նաև մի շատ էական պատճառ, որի մասին իշխանությունները լռում են: Խոսքն այն մասին է, որ այս տարվա գարնանը Հայաստանում փաստացի կասեցվեց «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով գործարքների սպասարկումը:
Դա առարկայական խնդիրներ է ստեղծում Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար, ինչն էլ լուրջ պատճառ է դարձել, որ շատերը նախընտրում են ոչ թե այցելել Հայաստան, այլ ուրիշ երկրներ՝ բոլոր հետևանքներով: Թե որքանով էր վերոնշյալ որոշումը արդարացված կամ ոչ, այլ հարց է, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ մասին՝ որպես պատճառ, իշխանությունները նախընտրում են չխոսել: Դեռ գարնանը տնտեսագետներից շատերը զգուշացնում էին, որ «Միր» քարտերի սպասարկման արգելքը Հայաստանում տնտեսական ճգնաժամի է հանգեցնելու: Մյուս կողմից՝ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան զբոսաշրջային ոլորտի փորձագետները զգուշացնում էին, որ ռուսական լսարանին հստակ պետք է հասկացնել, որ սա կանխամտածված արգելք չէ ռուսների դեմ: Արե՞լ են այս ուղղությամբ իշխանությունները, ավելի ճիշտ՝ իրավասու նախարարությունը, ինչ-որ բան: Վստահաբար՝ ոչ: Դե, մնում է սեփական մեղքերը նորից այլոց «գրպանը գցել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել