2003թ-ին օրենք ընդունվեց, համաձայն որի` խաղատները պետք է գտնվեն Երևան քաղաքից դուրս: «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքն արգելում է Երևանում խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել, ուստի Երևանում խաղատան կամ շահումով խաղի կազմակերպման գործունեությունը դիտվում է ապօրինի գործունեություն: Իրոք, այս օրենքի ընդունումից հետո Երևանից դուրս բերվեցին խաղատները և տեղակայվեցին մայրաքաղաքի մերձակայքում: Սակայն դրա փոխարեն սկսեցին աճել բուքմեյքերական կետերի քանակը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բուքմեյքերական գործունեությունը: Այդպիսի ընկերությունները տարբեր իրադարձությունների համար (սպորտային, մրցույթներ, ընտրություններ) առաջարկում են իրադարձության ելքի համար գործակիցներ, և մասնակիցը, կատարելով գումարային խաղադրույք, հնարավորություն է ստանում գումար շահել` խաղադրույքի գործակցին համապատասխան: Բացի կետերում խաղադրույք կատարելու հնարավորությունից, մասնակիցը նաև կարող է ինտերնետի միջոցով կատարել ցանկացած խաղադրույք: Ծանոթ լինելով նմանատիպ ընկերությունների գործունեությանը` վստահեցնում եմ, որ նրանք հաճախորդի պակաս չեն ունենում: Իսկ այս գործունեության ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ նրանք, անկախ իրադարձության ելքից, շահած են դուրս գալիս: Ընդ որում` նրանց կանոնադրությունն իրավաբանորեն այնպիսի գրագիտությամբ է կազմված, որ շատ անգամ մասնակցի անտեղյակության պատճառով մանակիցը զրկվում է շահումից: Այսպիսի տեղեր հաճախում են մարդիկ, ովքեր ունեն մեծ ազարտ: Նրանք խաղում են այնպես, ինչպես կխաղային խաղատան որևէ ավտոմատի դիմաց: Բայց արի ու տես, որ այս ոլորտը ոչ միայն չի կարգավորվում, այլ նաև սնկի պես աճում են նմանատիպ կետերը Երևանի բակերում: Նույնիսկ կան բակեր, որտեղ միմյանց կողք շարված են ՀՀ տարածում գործող բոլոր բուքմեյքերների կետերը: Անհրաժեշտ է կանխել այս երևույթը օրենքի միջոցով, ինչպես դա արվեց խաղատների դեպքում: Պետք է օրենքով արգելել նման կետերի ավելացումը, բարձրացնել այդ ընկերությունների հարկերը, քանի որ նրանք շատ մեծ շահույթ են ստանում: Եվ այդ շահույթը նրանք ստանում են սովորական մարդկանց գրպանից, ովքեր ի վիճակի չեն զսպել իրենց ազարտը և պատրաստ են մինչև վերջին դրամը կատարել խաղադրույք: Ո՞վ պետք է օգնի այդ վատ սովորությամբ տառապող մարդկանց, եթե ոչ օրենքը: Հասկացեք վերջապես, բուքմեյքերի և խաղատան միջև տարբերությունն այն է, որ խաղատանը խաղում են ավտոմատի կամ դիլլերի հետ, իսկ այստեղ` գործակից ունեցող իրադարձության: Վերջիվերջո երկու դեպքում էլ մասնակիցը գումար է կորցնում: Երկու դեպքում էլ հայ ընտանիք է քանդվում: Ոչ մի կին չի հանդուրժի ամուսնու նմանատիպ «հոբբին»:
Հ.Գ. Նմանատիպ ընկերություններին հաղթում է այն մարդը, ով ընդհանրապես նրանց չի այցելում: Եթե դուք, մեկ անգամ կատարելով խաղադրույք, շահել եք, երկրորդ անգամ այնտեղ մտնելով` կդառնաք նրանց մշտական հաճախորդը, մինչև չպարտվեք ձեր ունեցած ամբողջ դրամը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=633309850024291&set=a.185286031493344.39512.100000358443385&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել