1in.am-ը գրում է.

2011 թվականի տվյալներով՝ Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում եմ 332 հազար 333 հա կամ հանրապետության ամբողջ տարածքի 11.2 տոկոսը: 

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: 

Նրա տեղեկացմամբ՝ հանրապետությունում ներկայումս կա 20 անտառտնտեսություն: «90-ականներին կատարված անտառահատումների ֆոնին ոլորտի ամենախնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ անտառվերականգնման հարցը: 2004-2012 թթ. ընթացքում Հայաստանում անտառապատվել է 31 հազար հա տարածք, 3337 հա վրա նոր անտառներ են տնկվել: Այդ աշխատանքները հիմնականում կատարվել են անտառամերձ բնակավայրերի բնակիչների կողմից, ինչը քիչ թե շատ լուծել է նաև վերջիններիս սոցիալական խնդիրները»,- ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Մարտուն Մաթևոսյանը, որպես ոլորտի մյուս գերակա խնդիր, առանձնացրեց ճիշտ անտառօգտագործումը: «Ներկայումս Հայաստանից գերան չի արտահանվում, սակայն 2012 թվականին 1320 ծառ է հատվել»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ հավելելով, որ մեկ անտառապահի պահպանությանը հանձնված միջին տարածքը մոտ 670 հա է, իսկ անտառաշատ մարզերում՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, 1000-1200 հա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել