ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անդրադարձը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը.
«Այս առումով ևս քայլեր են արվել։ Հրապարակային է տեղեկատվությունը, դուք գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, այսպես կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև։ Սա ասում եմ ցույց տալու, որ այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա, և մենք կշարունակենք առաջիկայում ադրբեջանական կողմի հետ աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում, այն հարցերում, որտեղ հնարավոր է այս փուլում գալ ընդհանուր համաձայնության։
Իհարկե, գիտեք մեր սկզբունքներն այս առումով՝ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, այսինքն գտնվեն իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և ամեն ինչ պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։
Նաև քաջատեղյակ եք, որ այս սկզբունքներն արտացոլված են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։ Ուրախ եմ ասել, եթե չեք նկատել, բայց հուսով եմ նկատել եք, որ բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ ողջունել են «Խաղաղության խաչմերուկ»-ը և ենթադրում են, որ այն կարող է մաս կազմել ավելի լայն լոգիստիկ գլոբալ, եթե կուզեք, ցանցերի կամ նոր նախագծերի։ Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն է այն տեսլականը, որի մեջ մենք նաև տեսնում ենք Ադրբեջան և Հայաստան տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը։»
Ի պատասխան պատգամավորի հարցի՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Ես ասել եմ, որ երրորդ ուժերի ներկայությունն ապաշրջափակվող ենթակառուցվածքների շուրջ մեզ համար անընդունելի է։ Այդպես եղել է, և այդպես էլ կա։ Միջազգային կազմակերպությունների մասով էլ, գիտեք, պիտի հասկանանք. կա տրանսպորտային ընկերություն, կա փոխադրող ընկերություն, կա երկաթգիծ կառուցող ընկերություն, կա երկաթգիծը սպասարկող ընկերություն, կա օպերատոր կամ վագոնավար։ Այնքան տարբեր շերտեր կան, դրա հետ կապված կհասկանանք, որ կոնկրետ ինչ-որ բան լինի ասելու, կասենք։ Հիմա դատողություններ անելը վաղ է։ Երրորդ ուժերի մասնակցությունն այն իմաստով, որ իմաստով շրջանառվում է լայն մամուլում, մեզ համար անընդունելի է։»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել