1724թ.-ի Կարբիի հերոսմարտը հայոց պատմության այն կարևորագույն դրվագներից է, որը որոշիչ նշանակություն է ունեցել տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադրության վրա: 18-րդ դարի սկզբին, երբ Իրանական կայսրությունը ներքին խժդժությունների հետևանքով թուլացած էր, Օսմանյան կայսրությունը որոշել էր օգտվել առիթից և ներխուժել Հարավային Կովկաս, այդ թվում` Արևելյան Հայաստանի տարածք: Թուրքական նվաճողական ծրագիրը նաև պայմանավորված էր հանգամանքով, որ Հարավային Կովկաս մտնելու քաղաքական նպատակներ ուներ նաև կայսրության դարձած և Եվրասիայում մեծ աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող Ռուսաստանը: Իրանը, որի կազմում էր այդ ժամանակ Արևելյան Հայաստանը, փաստացի, ունակ չէր լուրջ ռազմական դիմադրություն ցույց տալու մի կողմից Ռուսական, մյուս կողմից` Օսմանյան կայսրություններին: 

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, 1724թ.-ի թուրքական ներխուժման ժամանակ Երևանի խան Միհրալին, օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ Քոփուրլու փաշայից պարտություն կրելով Եղվարդի ճակատամարտում, քաշվել էր Երևանի բերդի պատերից ներս և չէր մասնակցում նույնիսկ Երևան քաղաքի պաշտպանությանը: Ըստ էության, Արևելյան Հայաստանի պաշտպանությունը թուրքական ներխուժումից ստանձնել էին միայն հայերը: Թուրքերին դիմադրությունը տեղի էր ունենում չորս հիմնական հայկական բնակավայրերում` Սյունիքում, Արցախում, Երևանում և Կարբիում: Թեև կարբեցիներին Միհրալի խանը օգնություն էր խոստացել, այնուամենայնիվ` Կարբիի ինքնապաշտպանական ուժերը թուրքերի դեմ մնացին մեն-մենակ: Ուշագրավ է, որ Կարբիի պաշտպանները կարողացան մարտերով ձգձգել թուրքական բանակի առաջխաղացումը և ժամանակ շահեցին, որպեսզի երևանցիները կարողանան հավուր պատշաճի պատրաստվել քաղաքի պաշտպանությանը: Տեսնելով, որ հնարավոր չէ կոտրել կարբեցիների դիմադրությունը, Քոփուրլու փաշան ստիպված էր բանակցել Կարբիի ավագանու հետ և հասնել համաձայնության` թուրքերը չեն մտնում գյուղ, իսկ Կարբիի ինքնապաշտպանական ուժերը թույլ են տալիս, որ թուրքական բանակն առանց խոչընդոտների Քասաղ գետի հովտով շարժվի դեպի Երևան: 

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ Կարբիի հերոսամարտը պատմական վառ օրինակ է, որ հնարավոր է փոքրաթիվ ուժերով կանգնեցնել ահռելի բանակի, միաժամանակ` տեղական նշանակության գործողությամբ փոխել ամբողջ պատերազմի տրամաբանությունն ու ելք: 1724թ.-ի Կարբիի հերոսամարտն ուղերձ էր սերունդներին, որ պետք է պայքարել, և ոչ թե հանձնվել ու Հայրենիքի դարպասները բացել թշնամու առաջ:

Արևելյան Հայաստան 1724թ.-ի թուքական ներխուժման և Կարբիի հերոսամարտի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել