Планета 24-ը այսօր ցուցադրեց Ուկրաինայի վարչապետ Ազարովի ծավալուն հարցազրույցը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման, գազային քաղաքականության ու տնտեսական պատերազմի մասին, որը Ռուսաստանն արդեն անթաքույց վարում է այս նախկին խորհրդային հանրապետության դեպ: Թեև հարցազրույցը հիմնականում այնպիսի թեմաների շուրջ էր, որ անմիջականորեն ռուսներին ու ուկրաինացիներին էր վերաբերում, այնուամենայնիվ մի քանի խիստ ուշագրավ դրույթներ ու թեզեր հնչեցին Ազարովի կողմից, որոնք ավելի քան ակտուալ են ինչպես մեզ համար, այնպես էլ հետխորհրդային այլ պետությունների:
Գիտե՞ք, որ օրինակ նույն Ուկրաինային Ռուսաստանը գազը վաճառում է աննախադեպ բարձր գնով, որը հավակնում է աշխարհում ամենաթանկը լինել: Ավելի կոնկրետ՝ ռուսական գազի գինը կազմում է 500 դոլարից ավել ու իրավիճակն այնքան աբսուրդային է, որ Ուկրաինան ստիպված է գազ գնել Գերմանիայից, ընդ որում, գերմանացիները Ուկրաինացիներին վաճառում են նույն գազը, որը գնում են ռուսներից 350-360 դոլարով և այսքանով հանդերձ, գերմանական-ռուսական գազը մոտ 70 դոլարով ավելի էժան է նստում Ուկրաինայի վրա, ինչ անմիջապես Ռուսաստանից ստացվող գազը...

Սա արգասիքն է օլիգարխիայի ու իշխանությունների սերտաճման, իսկ Ռուսաստանն այդ առումով իրեն հավասարը չունի: Փաստացի, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ ի հեճուկս պուտինական պոպուլիզմի ու «ուժեղ տղու»  հռետորաբանության, Ռուսաստանի արտաքին ու տնտեսական քաղաքականությունում օրակարգը ձևավորում են «Գազպրոմ»-ի ու «Ուռալկալիյ»-ի տիպի ընկերությունները, որոնց մենակ վերապահումով կարելի է համարել ռուսական պետական ընկերություններ: Իրականում գործ ունենք վերազգային կորպորացիաների հետ, որոնցում որոշումներ կայացնում են ռուսաստանի խոշոր օլիգարխները, ովքեր շատ սերտորեն կապված են Կրեմլի հետ:

Որպես հետևանք, ասյպես կոչված Ռուասատանի ազդեցության գոտում, ամենուրեք ականատես ենք լինում, թե ինչպես է նույն «Գազպրոմ»-ը կարճաժամկետ հեռանկարում հնարավորինս շատ եկամուտ ունենալու համար դիմում քայլերի, որոնց հետևանքների ողջ ծանրությունն ընկնում է հասարակ քաղաքացիների վրա: Իրավիճակը էլ ավելի է բարդանում, քանի որ հասարակ մարդը, ով տեսնում է, որ «Գազպրոմի» ագահությունը խփում է իր գրպանին, նույն միջոցին ականատես է լինում, թե ինչպես «եղբայրական» Ռուսաստանի իշխանությունները ձեռնամուխ են լինում, որպեսզի տեղի իշխանություններին ստիպեն ընդունել «Գազպրոմի» գնային քաղաքականությունը:

Այս առումով շատ հետաքրքիր է նաև Բելոռուսի օրինակը, որտեղ բախվելով ռուսական օլիգարխիայի բեսպրեդելին, երկրի իշանությունները արձագանքեցին մաքսիմալ չոր՝ ձերբակալելով Ռուսաստանի ամենաէքսցենտրիկ օլիգարխներից մեկի՝ Սուլեյման Քերիմովի ենթակային՝ Վլադիսլավ Բաումգերտներին, ով հանդիսանում էր «Ուրալկալիյ» ընկերության գործադիր տնօրենը: Ձերբակալության պատճառը նրանում էր, որ «Ուրալկալիյ» ընկերությունը դիտավորյալ սնանկացման շեմին էր հասցրել «Բելառուսական կալիումային ընկերության»-ը՝ ռուսական վայրի կապիտալիզմի լավագույն կանոններով: Ողջ խնդիրը նրանում էր, որ հաշվի չէին առել Բելոռուսի առանձնահատկությունները ու մասնավորապես Լուկոշենկոյի գործոնը: Ինչևիցե, այս ճգնաժամը ևս բերեց նրան, որ Ռուսաստասնը սկսեց տնտեսական շանտաժի ենթարկել Բելառուսին, ինչը արդյունքում էլ ավելի խորացրեց Ռուսաստանի ընկալման ճգնաժամը Բելառուսում ու ԱՊՀ այլ երկրներում: 

Արդյունքում, ունենք մի իրավիճակ, երբ ռուսական տերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի իր աշխարհագրական երկարաժամկետ շահերի փոխարեն սպասարկի ագահ օլիգարխների ախորժակը ու որպես հետևանք կորցնում է հարևան պետությունների, իսկ որ ավելի խնդրահարույց է՝ հարևան ժողովրդների վստահությունը: Սա դեպի անդունդը տանող ճանապարհ է Ռուսաստանի վրա, որովհետև արագ փոփոխվող աշխարհում Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի ընկերներ ունենալը, որովհետև աշխարհաքաղական ցնցումների ժամանակ ի վերջո օգնությունը կարելի է սպասել դաշնակիցներիցդ, բայց ոչ երբեք օլիգարխներից, ովքեր թալանելով քո ու դաշնակիցների ժողովուրդներին, թալանը պահում են բնավ էլ ոչ Ռուսաստանում, այլ հաճախ այնպիսի երկրներում, ովքեր շահագրգռված են մասնատված Ռուսդաստան տեսնելու մեջ:

Այս առնչությամբ ուզում եմ մեջբերել աշխարհաքաղաքականության դասականներից մեկին՝ Զբիգնեվ Բզեժինսկուն, ով շատ դիպուկ է նկարագրել Ռուսաստանը ու հատկապես դրա օլիգոպոլիա լինելու հանգամանքը. «Ռուսաստանը կարող է թեկուզ 500 միջուկային ճամպրուկ ունենալ ու անպարտելի միջուկային զինանոց, որովհետև դրանք ոչինչ են, երբ Ռուսաստանի վերնախավը իր 500 միլլիարդանոց կարողությունը պահում է մեր բանկերում»:
Եզրակացությունն ակնհայտ է. այն տնտեսական ու առհասարակ արտաքին քաղաքական կուրսը, որ որդեգրել է Ռուսաստանը իր մերձավոր հարևանների հետ հարաբերություններում վնասում է առաջին հերթին այդ հարևաններին (այդ թվում նաև մեզ) ու Ռուսաստանին, որովհետև մի քանի տասնյակ միլլիարդ դոլարի դիմաց հասնում են այնպիսի բացասական արդյունքների, որոնց մասին անգամ թշնամիները չէին կարող երազել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել