Մութ ու ցուրտ տարիներն էին: Ավարտելով դպրոցը` Սյուզանն ընդունվում է Բրյուսովի համալսարանի ֆրանսերենի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես շատերը, կանգնում է մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդրի առջև:
Համապատասխան աշխատանք չկար, բայց գտնում է մեկ այլ բնագավառում` հեռուստատեսությունում: Սակայն 3 տարի անց` 2001 թ., հնարավորություն է ստեղծվում ուսումնական ծրագրով Ֆրանսիա մեկնելու, և քանի որ հեռուստատեսությունում ապագա չէր տեսնում, որոշում է գնալ և վերականգնել ֆրանսերենի գիտելիքները:
Մեկնում է արցունքն աչքերին, չնայած մտքում որոշել էր մեկ տարվա դասընթացին ամբողջությամբ չմասնակցել ու 3-4 ամիս անց վերադառնալ: «Երբ վիզա ստանալու համար հյուպատոսի մոտ հարցազրույց էի, այդ մարդը նայեց ինձ և վստահ ասաց, որ ես հետ չեմ գալու: Զարմացա, ինչպե՞ս թե հետ չեմ գալու, ես անկեղծ համոզված էի, որ վերադառնալու եմ, ասացի` ինձ պետք չի ձեր երկիրը, ես հետ եմ գալու, և այլն: Հյուպատոսն ասաց. «Դուք հիմա էդպես եք ասում, որովհետև չգիտեք Ֆրանսիան: Դա այն երկիրն է, որը մեծ հնարավորություններ է տալիս, իսկ ես, տեսնելով Ձեզ, համոզված եմ, որ Դուք այդ հնարավորությունները բաց չեք թողնի»: Փաստորեն հյուպատոսը, համոզված լինելով, որ հետ չեմ գա, ինձ թույլ տվեց գնալ: Ես էլ մտածեցի` էս խենթին ինչպե՞ս են հյուպատոս նշանակել: Բայց 5 տարի Ֆրանսիայում ապրելուց հետո հասկացա, թե այդ մարդն ինչ իմաստուն էր…»:
25-ամյա Սյուզանի համար Ֆրանսիան միանգամայն նոր իրողություն էր, իսկ Փարիզում միայնակ ապրելը` բավականին դժվար: Գիտեր միայն լեզուն, մնացած ամեն ինչ նոր էր ու անսովոր: Դժվարամատչելի մի քանի ամիսը հաղթահարելուց հետո, գալիս է Հայաստան վերադառնալու ժամանակը, բայց նա որոշում է մնալ մեկ տարի, քանի որ 4 ամիսը բավական չէր թե՛ լեզվի, թե՛ Եվրոպան ճանաչելու առումով: Իսկ մեկ տարի անց վերադառնալով Հայաստան` հասկանում է, որ Փարիզը կրկին ձգում է իրեն: Երկու ամիս անց վերադառնում է Ֆրանսիա: Հյուպատոսի խոսքերն իրականություն էին դառնում…
6 տարի հետո Սյուզանն արդեն Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի էր, որին հասել էր իր ջանքերի շնորհիվ: Այսօր նա վարձով ապրում է Փարիզի կենտրոնում, աշխատում ֆրանսիական ընկերությունում, կարգին վարձատրվում: Սակայն երիտասարդ աղջկա հաջողությունը միայն կողքից դիտողին կարող է դրախտային թվալ: Իրականում նա դրան հասել է մեծ դժվարությունների գնով, որոնց շատերն այսօր ի վիճակի չեն դիմանալ: «Հիմա շատ ուսանողներ են գնում, բայց հետ են գալիս, չեն դիմանում դժվարություններին,- ասում է նա,- դա նրանից է, որ հիմա Ֆրանսիայում կյանքն այն չէ, ինչ 13 տարի առաջ, շատ ավելի բարդ է, փոխարենը Հայաստանում կյանքն այնքան վատ չէ, որքան 13 տարի առաջ»:
Սակայն զգալով հաջողության բերկրանքը` Սյուզանը միաժամանակ խորը հիասթափություն է ապրում. ի վերջո ինչի՞ համար էր այդ պայքարը, և ինչո՞ւ են բոլորը ձգտում դրան. «Ֆրանսիայի քաղաքացի դառնալուց հետո մեծ հաշվով իմ կյանքում էական փոփոխություն չեղավ: Փոխվեց այն, որ ամեն տարի մի մեծ թղթապանակ չեմ հավաքում այդ հարցով դիմելու համար: Նյութական բարեկեցությունս էլ չփոխվեց, ընդհակառակը, սկսեցի շատ ավելի հարկեր վճարել: Այնտեղ ամեն ինչի համար հարկ ես վճարում, անգամ աշխատավարձիցդ են եկամտահարկ պահում: Ճիշտ է, տարին մեկ անգամ կարող ես քեզ թույլ տալ հանգստանալու մեկնել, բայց ոչ եվրոպական երկրներ, որովհետև դա շատ թանկ է, այլ Թունիս, Մարոկկո և այլ երկրներ, որոնք էժան տուրեր են առաջարկում: Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, մտածելակերպին, ապա միևնույն է, քեզ համար շատ բաներ խորթ են մնում, որովհետև դու հայ ես»:
Հայի համար, ըստ Սյուզանի, ֆրանսիացին մարդու անհեթեթ տեսակ է` հաշվարկող, ոչ էմոցիոնալ, ոչ մարդկային, անխիղճ, անհատապաշտ, միայն իր ես-ն առաջ տանող: Որպես օրինակ բերում է ընկերությունը. «Մեզ համար լավ ընկերը նա է, որի վրա դու միշտ հույս ես դնում, որը քո դժվար պահին միշտ քո կողքին է: Ֆրանսիացու համար լավ ընկերը նա է, ով երբեք իր խնդիրներով քեզ չի անհանգստացնում: Երկուսն էլ յուրովի լավն են, բայց արմատապես տարբեր են: Դրա համար էլ ես ունեմ ֆրանսիացի լավ ծանոթներ, բայց չունեմ ֆրանսիացի ընկերներ: Իմ ընկերները Ֆրանսիայում ապրող հայերն են, որոնք, իհարկե, մի քիչ տարբերվում են հայաստանցի հայերից»:
Սյուզանի խոսքով` Ֆրանսիայում մարդկային մոտեցում ասվածը գոյություն չունի, բայց օրենքն էլ կատարյալ չէ, կան բազմաթիվ անօրեն երևույթներ: «Օրինակ` ջրի ծորակը փչացել է, զանգում ես մի մասնավոր ընկերություն, որ գա նորոգի: Եթե այդ ընկերությունը նկատում է, որ գործից բան չես հասկանում, լավ գումարներ է աշխատում, այսինքն` քեզ գցում է: Իսկ դատի տալը հեշտ բան չէ, դրա համար փող և մեծ ջանքեր են պետք»:
Նման հարցերում, ասում է, անգամ ֆրանսիացիները չեն պայքարում իրենց իրավունքների համար և իրեն էլ հաճախ խորհուրդ են տալիս չխորանալ և չբարդացնել կյանքը: «Օրինակ` տան համար պարտադիր ապահովագրություն են պահանջում, որի դիմաց ամեն ամիս վճարում ես, բայց որ մի բան է լինում, ամեն կերպ փորձում են փոխհատուցումից խուսափել: Եթե մինչև վերջ չգնաս, չպայքարես` ոչնչի չես հասնի: Նման դեպք ինձ հետ պատահել է, մեկ տարի պայքարելուց հետո, երբ ի վերջո ասացի, որ դատարան եմ դիմելու` փոխհատուցեցին»:
Սյուզանը պատմում է, որ եթե Ֆրանսիայի քաղաքացի չես, ապա որոշակի չափորոշիչներ պետք է հաղթահարես, որպեսզի ֆրանսիացին քեզ վերցնի աշխատանքի: Գործատուն պետք է պետությանն ապացուցի, որ հենց քո կարիքն ունի, և ֆրանսիացին այդ գործն անել չի կարող: Ի դեպ, ֆրանսիացու փոխարեն արտասահմանցու աշխատանքի ընդունելու համար գործատուն պետությանը տույժ է վճարում: Անհեթեթ օրենք կա ժառանգության մասին: Ասում է, որ Ֆրանսիայում երիտասարդները հիմնականում 30 տարեկանում են կարողանում բնակարան գնել, այն էլ` հիփոթեքով: Փարիզում մեկսենյականոց բնակարանը մոտ կես միլիոն եվրո արժի: Սովորական բնակարանի մեկ քմ-ի արժեքը 13-15 հազար եվրո է: Մարդը բնակարան է գնում, 20 տարի վարկով գումարը փակում, իսկ իր մահից հետո իր երեխաներն այն ժառանգելու համար պետք է բնակարանի 40 տոկոսը պետությանը վճարեն, հակառակ դեպքում ժառանգությունից կզրկվեն: Բայց քանի որ շատերն այդ 40 տոկոս գումարը կանխիկ չունեն, ստիպված բնակարանը վաճառում են, պետության հարկը վճարում, իրենց մնացած գումարից մի որոշ մաս էլ եկամտահարկ տալիս և տակը մնացածը պահում իրենց: Արդյունքում ծնողներից ժառանգություն ստացած բնակարանն իրենց չի հասնում:
Օրենքի գերակայության մասին խոսակցությունը լեգենդ է: Սյուզանը պատմում է, որ ժամանակին աշխատում էր մի մասնավոր ընկերությունում, որը համագործակցում էր առողջապահության նախարարության հետ: Ականատես է եղել, թե ինչպես են պետության գումարներն անխնա և անարդյունավետ մսխվում, ինչի հետևանքով ընդամենը որոշ մարդիկ մեծ գումարներ են իրենց գրպանը դնում, և այդ ամենը քողարկվում է պետական կառույցի մակարդակով:
Կա նաև կոռուպցիա, կաշառակերություն, կան նաև օլիգարխներ. «Պարզապես սովորական ֆրանսիացին իր երկրի օլիգարխներին չի տեսնում, չի առնչվում, իսկ մեր օլիգարխները մեր աչքի առջև պտտվում են»:
Սյուզանը, իր կյանքի փորձից ելնելով, խորհուրդ է տալիս չհրապուրվել Եվրոպայով, քանի որ կյանքն այնտեղ այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում են դրսից. «Այնտեղ նվազագույն աշխատավարձը 1000 եվրո է, որը մեզ համար զարմանալի թիվ է, բայց եթե հաշվի առնենք ֆրանսիացու ծախսերն ու հարկերը, համարյա նույն բանն է ստացվում: Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն գնացել ես, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և Հայաստան վերադառնալ չես կարող, որովհետև քեզ համար արդեն Հայաստանն է օտար, որտեղ ամեն ինչ պիտի զրոյից սկսես»:
Կարճ ասած` Եվրոպան դրախտ չէ, պարզապես մարդիկ գնում են, որովհետև ամեն մի նոր բանում հույս են փնտրում, իսկ Հայաստանում հույս արդեն չկա…