Mediahub.am-ը գրում է․

Երեկ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի՝ 0:2 հաշվով պարտությամբ։ Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը իրար հետևից պարտություններ է կրում, և սա արդեն այն կաթիլն էր, որ լցրեց ֆուտբոլասերների համբերության բաժակն ու նրանք երեկ մարզադաշտում ողջունելու փոխարեն անգամ սուլեցին մեր հավաքականի տղաների հետևից։ 

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականություններից ազատվեց Ալեքսանդր Պետրակովը։ Բայց ՖԱՖ ակումբի անդամներին միայն Պետրակովի հրաժարականը չի գոհացնում։ Երեկ նրանք հավաքվել էին Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ու պահանջում էին, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն իջնի ու բացատրություն տա Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտությունների համար։ Մելիքբեկյանը չիջավ, իսկ երկրպագուներն ու ֆան ակումբները հայտարարեցին, որ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Այս թեմայով MediaHub-ը զրուցել է ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, որին հարցրինք՝ ի՞նքն էլ է դժգոհ երեկվա մեր պարտությունից և ի՞նչ կարող է ասել այդ առնչությամբ։

«Ո՞նց թե՝ դժգոհ եմ, ամենաշատ ես եմ դժգոհ»,-զրույցի հենց սկզբից հայտարարեց պարոն Գիլոյանը։

Երբ հարցրինք՝ ո՞րն էր պարտության հիմնական պատճառը, ո՞վ է մեղավոր այդ հարցում, ԿԳՄՍ փոխնախարարը պարտության հիմնական մեղքը բարդեց հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովի վրա։

 «Հերթական մեր պարտությունը, սա էլ՝ արդեն երրորդ անընդմեջը, մարզչական սխալի հետևանք էր ակնհայտ։ Նույն ձեռագրով խաղ, մի 15 օր առաջ Մակեդոնիայում տեղի ունեցած խաղի արտացոլանքն էր, երբ 0:0 հաշվով ավարտված առաջին խաղակեսից հետո երկրորդ խաղակեսում՝ սխալ փոփոխություններ, սխալ մարտավարություն, և դրա հետևանքը՝ պարտություն»,-ասաց նա։

-Միայն մարզչակա՞ն սխալն էր պատճառը, թե՞ նաև ֆեդերացիայի նախագահի վատ աշխատանքն էլ կա, որովհետև երեկ ՀՖՖ նախագահի հրաժարականն էին նաև պահանջում։

-Ես պրոֆեսիոնալ մարդ եմ, ֆեդերացիայի նախագահը կարող է լավը լինել կամ լավը չլինել, հազար բան կարելի է մեկնաբանել, բայց խաղը դաշտում պարտվում են մարզիչը և ֆուտբոլիստները։ Ես գնահատում եմ, որ մեր հավաքականում մենք ունենք մի քանի տղա, որոնք բարձր կարգի ֆուտբոլիստ են, և երբ այդ տղաները չեն կարողանում բացահայտել իրենց ամբողջովին, երբ իրենք չգիտեն՝ ինչ անել դաշտում, որովհետև այդ հստակ առաջադրանքը չեն ստացել մարզչի կողմից, ես ո՞ւմ վրա բարդեմ բա։ Մարզիչն է դաշտ հանում խաղացողներին։ Ես գիտեմ մի բան, որ ֆեդերացիան չէր միջամտում մարզչի գործունեությանը, և ես դա ճիշտ եմ համարում, որովհետև մարզիչը պիտի ազատ լինի ու գործի այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում։ 

-Այդ դեպքում ֆեդերացիան ու նախագահն ինչի՞ համար են, այդ դեպքում թող մարզիչն էլ ղեկավարի ամբողջը։

-Դե, հիմա տեսան, որ մարզիչը սխալ է ղեկավարում՝ հանեցին։ Օրինակ՝ Դուք ճի՞շտ եք համարում, որ տրիբունայից ակումբի տերերը մարզիչ էին փոխում։ Իհարկե, ոլորտը պիտի կարգավորվի, հսկվի, դա փաստ է։ Բայց այն, որ էս երեք խաղերում մեր պարտությունը կոնկրետ մարզչի սխալն էր, ես դրանում համոզված եմ։

-Իսկ երեք խաղ անընդմեջ, որ նույն սխալը կրկնվում է, ֆեդերացիան այստեղ անելիք չունի՞։

-Դե, երրորդը սխալ արեց՝ հանեցին։ Ուներ անելիք՝ արեց։

-Ի դեպ, ՀՖՖ նախագահի թե՛ ընտրությունը, թե՛ նրա գործունեությունը շատ է քննադատվում, ասում են՝ իշխանությունն իր սրտի թեկնածուին բերեց զոռով նշանակեց, մինչդեռ ֆուտբոլային հանրությունը դեմ էր Մելիքբեկյանի «նշանակմանը», չե՞ք կարծում, որ այսօրինակ քաղաքականությունն էլ ազդեց մեր հավաքականի պարտությունների վրա։

-Ես այդ ընտրություններին ո՛չ մասնակցել եմ, ո՛չ միջամտել եմ, ո՛չ խառնվել եմ։ Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, և այն ինքն է իր գործունեությունը կառավարում։

-Բայց այդ նույն ֆեդերացիայի նախագահն է ընտրում, չէ՞, լավ խաղացողներին և հրավիրում հավաքական։

-Չէ, ընդհանրապես, ֆեդերացիան չպիտի հրավիրի։ Ամբողջ ցիվիլ աշխարհում նշանակվում է գլխավոր մարզիչ, մարզչական շտաբ, որը զբաղվում է հավաքական ձևավորելով։ Ֆեդերացիայի նախագահը կարող է խորհրդատվություն անել, իր ունեցած ինֆորմացիան տրամադրել գլխավոր մարզչին․․․

-Հենրիխ Մխիթարյանի դեպքում, սակայն, ակնհայտ էր, չէ՞, որ ֆեդերացիայի նախագահի հետ ունեցած խնդիրներն ու տարաձայնությունները ազդեցին, որ Հենոն այլևս մեր հավաքականում չէ ու չի էլ ուզում գալ։

-Դե, Հենրիխ Մխիթարյանն ինքը հրաժարվեց գալ հավաքական։

-Իսկ ինչո՞ւ հրաժարվեց, հենց դա՛ է խնդիրը։ Ինչո՞ւ առաջ չէր հրաժարվում, իսկ հիմա հրաժարվում է։

-Ճիշտն ասած՝ ես չեմ ուզում դա գնահատել։

-Երեկվա պարտությունից հետո համացանցում հիշում են, որ Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահ եղած շրջանում և՛ Հենոն խաղում էր մեր հավաքականում, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ էր տանում։ Ասել է թե՝ այս հարցում էլ նախկինների օրոք ավելի լավ էր, քան հիմա:

-Դե, մենակ Մակեդոնիայի հետ խաղում՝ գուցե, բայց այդ նույն նախկինների ժամանակ չէի՞նք պարտվում, ավելի խոշոր հաշիվներով էինք պարտվում։ 

-Իսկ նախարարության, այս դեպքում՝ Ձեր մեղքի և պատասխանատվության բաժինը չկա՞, քանի որ Դուք եք սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը։

-Ուրեմն, ԿԳՄՍՆ-ն որևէ կերպ չի միջամտում հասարակական կազմակերպությունների, տվյալ դեպքում՝ ֆեդերացիաների գործունեությանը, մենք օրենքով դրա իրավունքը չունենք։ Մենք, իհարկե, նորից հոգացավ վերաբերմունքով, խորհրդատվական կարգով փորձում ենք աջակցել, պետական աջակցության ծրագրեր իրականացնել, բայց դրա պատասխանատուն ֆեդերացիաներն են, ֆեդերացիան ինքն է իր գործունեությունը որոշում։ Մեր գործը ռազմավարություն մշակելն է, ծրագիր մշակել ու հաստատելն է։

-Իսկ Դուք երեկվա խաղից հետո խոսե՞լ եք Արմեն Մելիքբեկյանի հետ։

-Այո, իհարկե։ Երեկվա խաղից հետո ես շատ վատ տրամադրությամբ իմ խոսքն ասել եմ Մելիքբեկյանին, որ սա ակնհայտ սխալի հետևանք է, այս թիմին կարելի էր շատ հանգիստ հաղթել, ինքն էլ ասաց՝ այո, ես համաձայն եմ, և մարզիչն այլևս չի աշխատում։

-Իսկ Պետրակովին փոխարինող թեկնածու կա՞ արդեն։

-Այս պահին չեմ տիրապետում ինֆորմացիայի, բայց առաջիկայում անպայման հանդիպելու եմ ՀՖՖ նախագահին, փորձելու եմ քննարկման միջոցով, գուցե նաև իմ գիտելիքների, իմ ունեցած ինֆորմացիայի միջոցով ինչ-որ բանով օգնել նրան։ Եթե ֆեդերացիան կունենա թեկնածու, կխնդրեմ կիսվել և միասին քննարկել։ Իհարկե, քննարկումներին կփորձեմ մասնակցել որպես հոգացավ, ոլորտը սիրող մարդ:

-Ամեն դեպքում, Դուք տեղին համարո՞ւմ եք այս պահին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը, թե՞ կարծում եք՝ Մելիքբեկյանը լավ է աշխատում և պետք է մնա։

-Ես կարծում եմ, որ առայժմ դրա կարիքն ու անհրաժեշտությունը չկա, առայժմ նա գործ ունի անելու և պիտի փորձի ոլորտը հանել ճգնաժամից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել