Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

– Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ ՀՀ-ն որոշում կայացրեց Իրանի անցակետից դուրս բերել ռուս սահմանապահներին, և այնտեղ ստանձնել վերահսկողություն։ Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքում որոշվեց նաև՝ ՀՀ սահմանապահները մասնակցեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանությանը։

– Այս գործընթացը նոր չի սկսվել, «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք նաև Ռուսաստանի Դաշնության ներկայություն։ Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։

-Անձնակազմ, տեխնիկական պատրաստություն․․․ Հայաստանը տիրապետո՞ւմ է այդ ծավալի կարողություններին։

-Կարողությունները շարունակաբար զարգացնում ենք, և, այո՛, ՀՀ Սահմանապահ զորքերն ունեն բավարար կարողություններ՝ այդ ծառայությունն իրականացնելու համար։

-1992-ին կնքված հայ – ռուսական պայմանագրում նշված է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա սեփական սահմանապահ ուժեր, ռեսուրսներ՝ ինքնուրույն Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունն իրականացնելու, կսկսի դա իրականացնել։ Մո՞տ է Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ ամբողջական սահմանը վերահսկելու փուլին։

-Այս պահին մենք ունենք պայմանավորվածություններ՝ համատեղ ծառայություն իրականացնելու և մենք քննարկել ենք այս տարբերակը, և հունվարի 1-ից կանցնենք այս տարբերակով ծառայության իրականացմանը։

-Իսկ ամբողջական վերահսկողության մտադրություն կա՞։

-Մենք այդպիսի բան չենք քննարկել։

-Իսկ նման ձգտում կա՞ ՀՀ-ի կողմից։

-Ինչպես պայմանագրում է, և ընդհանուր քաղաքական պայմանավորվածությունն է, ՀՀ-ն շարունակական կարողություններ է ձեռք բերում, ՀՀ-ն զարգացնում է իր կարողությունները, որպեսզի սահմանի անվտանգության ապահովման համար իրականացնի պատասխանատվություն։ Կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։

-Հայաստանի և Իրանի սահմանի, Արաքս գետի երկայնքով գտնվող ճանապարհին ևս կանգնած են ռուս զինծառայողներ, որոնք ոչ միայն սահմանապահ ֆունկցիա ունեն, այլև՝ որոշում են կայացնում՝ անձանց թողնե՞լ Նռնաձոր կամ Շվանիձոր գյուղեր, թե ոչ։ Համենայնդեպս, ես նման փորձ ունեցել եմ 2021 թվականին՝ Նռնաձոր գյուղ գնալիս, անձնագիր էին ստուգում, կարիք կար Մեղրիի քաղաքապետարանից թույլտվություն ստանալ։ Եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ապաշրջափակման գնան, և այդ ճանապարհը գործի, արդյո՞ք այն մեխանիկորեն միջանցք չի դառնում․ օտար ռազմական ուժեր են կանգնած, Հայաստանը չէ այսօրվա փաստացի վերահսկողը։ Իրանի սահմանը 40-50 կիլոմետր է, երկար սահման չէ, հնարավո՞ր չէր, որ Հայաստանը վերցներ այդ սահմանի վերահսկողությունը։

-Ցանկանում եմ նշել, որ ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են։ Եվ գիտեք, որ ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա։

-Իսկ գետնի վրա փոփոխություն կլինի՞ իմ նկարագրած հարցի համատեքստում։

-Ապաշրջափակումը տեղի կունենա միայն իմ նշած սկզբունքների շրջանակներում։

-ՌԴ նախագահ Պուտինը լռում էր, երբ ՀՀ վարչապետը օրերս ԵՏՄ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ասում էր, որ որևէ երրորդ երկրի ՀՀ-ն միջանցք չի խոստացել, որ ՀՀ-ն պետք է իր տարածքում անվտանգություն ապահովի։ Սակայն վարչապետի խոսքից հետո խոսեց Օվերչուկը, հիշեցնելով ձեզ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից ՀՀ-ն հետ չի կանչել ստորագրությունը, և ասաց, որ միայն ՌԴ մասնակցությամբ կարող է լինել ապաշրջափակում։ Սա ՌԴ կողմից տարածքային պահա՞նջ է ՀՀ-ին, քանի որ չկա իրավական հիմք, թե ինչու պիտի ՀՀ-ում միջանցք ստեղծեն։

-Ես արդեն նշեցի ապաշրջափակման սկզբունքները, և ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման՝ միայն այդ սկզբունքների շրջանակներում։ Մենք առաջնորդվում ենք վարչապետի հայտարարած սկզբունքների շրջանակներում՝ ապաշրջափակման և այլ տեսակի բոլոր սկզբունքներում։ Մենք առաջնորդվում ենք միայն այդ հայտարարություններով, և Հայաստանը շարունակելու է պնդել սա։ Այսինքն, այլ տարբերակ հնարավոր չէ ապաշրջափակման համար։ Հնարավոր է միայն վարչապետի նշած, ինչպես նաև՝ մեր կողմից բազմիցս նշած ապաշրջափակման սկզբունքների շրջանակներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել