Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:50-ի սահմաններում «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին:
Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել