Լուրեր.com-ը սկսել է ուսումնասիրել կարկառուն ՔՊ-ականների և նրանց հետ փոխկապակցված անձանց ֆինանսական հոսքերը, բիզնեսներ հիմնելու եւ գործարար կապերով արտասովոր արագությամբ հարստանալու դրվագներ, եւ ահա բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներից մեկը ՔՊ-ականների շրջանում քիչ թե շատ ազդեցիկ պատգամավորի մասին է։
Խոսքը Փաշինյանի համար ընդունելի հնգյակի մեջ մտնող պատգամավորներից մեկի` Հայկ Սարգսյանի մասին է։ Սույն ՔՊ-ական պատգամավորին, հիշեցնենք, 2018 թվականի ցույցերից հետո լրագրողական հանրույթը կնքեց «Շիշ բռնող» մականունը, քանի որ Փաշինյանի ջրի շիշը պահած քայլում ու մատակարարում էր Հայկ Սարգսյանը իշխանությունը նվաճելու օրերին։ Եւ ահա ճակատագրական պահին ջրի շիշ բռնելով եւ քայլելով պաշտոն նվաճած Հայկ Սարգսյանի «Շիշ բռնողի», եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ով իշխանափոխությունից հետո, տևական ժամանակ ի պաշտոնե Փաշինյանի օգնականն էր, պարզվում է գրանցված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։
Եւ հետաքրքիրը ոչ թե սույն նախկին պաշտոնյայի գրանցումն է, այլեւ նրա հետ նույն հասցեում գրանցված մեկ այլ անձի Տարոն Սարգսյան Վոստոկի անվանատիրոջ գրանցումը, հավանաբար Հայկի և Նաիրի հորեղբոր որդին է սույն անձը, ով հայտնվել է lurer.com-ի ուշադրության կենտրոնում ։
Հայտնաբերել ենք մի ընկերություն` «ՄԱՏԵՐԻԱԼ ԷՔՍՉԵՆՋ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որ գրանցված է եղել Տարոն Սարգսյանի անունով եւ այն լուծարվել է 2023 թվականին։
Բայց այս ընկերությունը մեր լրագրողական սուր աչքից չի վրիպել այն պատճառով, որ պետության հետ գործարքներ ունի Փաշինյանի հեղափոխությունից հետո։ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիր է կնքվել 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։
Այս մասին մեր լրագրողական հետաքննությունը կպարզի հանգամանորեն, եթե իհարկե վարչական լծակներով ինֆորմացիան տոտալ չմերժվի տրամադրել հանրությանը։ Բայց կա առայժմ այս տարօրինակ փաստը որ կարելի է պարզ հետեւություններ անել. Շիշ բռնող մականվամբ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին` այսինքն 2018-ի հեղափոխությունից հետո, երբ Հայկ Սարգսյանն ու եղբայրը արդեն իսկ պաշտոնյաներ էին, իսկ դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։
Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, պետռեգիստրում իրական շահառու է նշված Տարոն Սարգսյանը։
Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։ Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանի ամենամտերիմ անձանց հետ փոխկապակցված անձի ՍՊԸ-ն, ստանալով 21 մլն դրամի պետական դրամաշնորհ, շատ արագ լուծարվում է` պետության հետ գործարքից հետո։ Դատալեք համակարգից էլ տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերության հետ կապված դատական որևէ պրոցես չի ընթացել։ Այսինքն պետությունը կամ կառավարությունը հետեւողական չի եղել ու չի փորձել ետ ստանալ գործարքի գինը։
Չկա ՍՊԸ-ն, չկա պետական բյուջեից հատկացված գումարը։ Բայց հաշվի առնելով ՔՊ-ականներից շատերի ճարպիկ հմտությունները ` փող քերելու մասին, շատ հավանական է, որ սա միակ դեպքը չէ` կապված սույն ՔՊ-ականների և նրանց մերձավոր շրջապատի հետ։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/598700/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել