168.am-ը գրում է․
2019թ. հունիսին իշխանական մեծամասնության շնորհիվ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված փաստաբան Վահե Գրիգորյանը բարձր ամբիոնից խոստացել էր Ազգային ժողովի դահլիճում թողնել քաղաքական հայացքներն ու ազատ քաղաքացու կարգավիճակում նախկին կապվածությունները: Թե ինչպե՞ս պահեց իր խոստումը Վահե Գրիգորյանը՝ հարցին տարբեր առիթներով անդրադարձ եղել է։ Վերջին օրինակն էլ, թերևս, սեպտեմբերի 26-ին ՍԴ որոշման առնչությամբ նրա ներկայացրած համապատասխանող հատուկ կարծիքն էր, որով, փաստորեն, դատավոր Գրիգորյանը ոչ միայն վերահաստատել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, այլև լրացուցիչ դրական լույսի ներքո մեկնաբանել որոշումը։
Իսկ մինչ տեղեկություններ են տարածվում իշխանությունների կողմից նրան վստահվելիք նոր պաշտոնի մասին, անդրադառնանք այս պաշտոնում դատավորի անձնական ձեռքբերումներին։
Դատավորի պաշտոնը, այսպես ասած՝ «լավ է եկել» Վահե Գրիգորյանի վրա․ այդ մասին վկայում են նրա հայտարարագրերը, որոնք տարեցտարի բարելավվում են։
2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2023 թվականի եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրում նշվել է 2 անշարժ գույքի մասին․ 2019 թվականին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն առաջին գույքը՝ մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող հողամասը, գնել է 2020 թվականի մայիսին, երկրորդ գույքը՝ Երևան քաղաքում բնակարանը, գնել է 2022 թվականի հոկտեմբերին։ Երկուսն էլ տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։
Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է նշվել 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենան։
Վահե Գրիգորյանի դրամական միջոցները
Եթե, օրինակ, 2022 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում Վահե Գրիգորյանը նշել է մի քանի բանկերում ունեցած բանկային հաշիվների մնացորդների մասին, որոնք տարեսկզբում եղել են 0-ական մնացորդով, իսկ տարեվերջին չեն գերազանցել 52.000 դրամը, ապա 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում դրանք արդեն ունեն հետևյալ տեսքը․ տարեսկզբին՝ շուրջ 851.000 դրամ, 13,13 եվրո, 14,63 դոլար, իսկ տարեվերջին՝ 216.000 դրամ, 13,13 եվրո, 14,63 դոլար։
Պաշտոնյայի՝ հաշվետու տարվա 22 միլիոն 256.501 դրամը գոյացել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտից․ եկամուտ վճարող կազմակերպությունը «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամն է մատնանշվել, Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 21,149,404 դրամի չափով։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63 միլիոն 212.345.25 դրամ․ վարկերից մեկի դեպքում հիփոթեքի առարկա է նշվել «տուն»-ը։
Պաշտոնյան ուսման, այլ դասընթացների նպատակով տարվա ընթացքում ծախսել է 4,316,000 դրամ, իսկ անշարժ գույք վերանորոգելու համար՝ 14,840,000 դրամ։
Հայտարարագրի՝ «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» սյունակում Վահեր Գրիգորյանը տեղեկացրել է 2 ֆոնդերում տիկնոջ ունեցած ներդրումների մասին, որոնք ձեռք է բերել 2021 թվականին։
Իր հերթին՝ ՍԴ դատավորի կինը՝ Ծովինար Բաբայանը, նշել է AngelList Advisors LLC-ի իր ներդրումների մասին՝ 5000-ական դոլարի չափով։
Ի դեպ, Վահե Գրիգորյանի կնոջ հայտարարագրում, բացի համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը, երկու այլ անշարժ գույքի մասին է հիշատակվում, որոնցից մեկը՝ Դավիթաշենում գտնվող բնակարանը, գնվել է 2022 թվականի սեպտեմբերին և տնօրինվում է համատեղ սեփականության իրավունքով, իսկ մյուսը՝ 2018 թվականին գնված բնակարան Արաբկիր համայնքում, որը տնօրինում է միանձնյա։
Պաշտոնյայի տիկինը հայտարարագրել է նաև բանկային ավանդներ 736.432 դրամի չափով և բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեվերջին կազմել են՝
11,666 դրամ, 34.75 դոլար, 2.49 եվրո, 321.66 ֆունտ ստեռլինգ, 396.17 դոլար, 558,561 դրամ և 15,371․2 ֆունտ ստեռլինգ։
Ծովինար Բաբայանի կանխիկ միջոցները հաշվետու տարում կազմել է 1,5 միլիոն դրամ, իսկ տարեկան 9 միլիոն 743 042.6 դրամ եկամուտը գոյացել է Byblos Bank Armenia-ից ստացած այլ եկամուտներից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից («Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Արդի Կրթության Ակադեմիա, Ռենդերֆորեսթ ՍՊԸ) և Սիմոնյան կրթական հիմնադրամից ստացած քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտից։