168.am-ը գրում է․
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս է խոսել՝ կարծիքը չի փոխել։
«Ինքս այսօր տրամադրություն չունեմ, իսկ պատերազմում պարտության մեղավորի մասին բազմիցս հայտարարություններ եմ արել, խոսել, հերթական անգամ նույնը չասեմ, քանի որ կարծիքս չեմ փոխել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մովսես Հակոբյանը։
Ճշտող հարցին՝ նախկինում կոնկրետ ի՞նչ է ասել պատերազմի պարտության մեղավորի համար, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Բոլոր նախկին հարցազրույցները, ելույթները տեսեք՝ նույնն բան եմ ասել»։
Հաջորդ հարցին՝ 2020 թվականի պատերազմը հայ ազգի համար ավարտվե՞լ է, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Իրավիճակին տիրապետողները թող ասեն՝ ազգի համար պատերազմն ավարտվե՞լ է, թե՞ ոչ, ես իրենց նման իրավիճակին չեմ տիրապետում»։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ուղիղ 10 օր անց Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ արեց մի շարք հայտարարություններ՝ պատերազմի պարտության մեջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին։
«Զորահավաքը պատերազմի ընթացքում ամբողջությամբ չի իրականացվել։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախում իրականացվել է զորահավաքի 70 %-ը, իսկ ՀՀ-ում՝ 52 %։ Այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել՝ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Սա ամենաբարդ գործընթացն է, որի համար բոլորի ջանքերն են պետք: Երկրի ղեկավարը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումն ու կամավորականներին ուղարկել առաջնագիծ, ինչը սխալ է»: