Shamshyan.com-ը գրում է․
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ապրեսյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխվում էր Վրաստանի Հանրապետություն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։