Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ:
Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ` ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման:
Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:
Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armgovernment/posts/pfbid02W7VTZ6gxxC5knNSeYScxeH3qxohSZq9P5RwfeHo9aNHPJbnRJEDeMrcZ91777Zhal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել