«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Սայաթ-Նովա և Չարենց փողոցների խամերուկից կարող է տեղափոխվել այլ վայր, տեղի բնակիչներն ու ՔՊ-ի գրասենյակին մերձ տարածքների տարբեր կազմակերպությունների աշխատակիցները բավականին ոգևորվել էին՝ «վերջապես գլուխներս կհանգստանա»:

Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն:

Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել