Գոռ Մանվելյանը երկարաձգել է պայմանագիրը «Նոայի» հետ։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ Մանվելյանը ծնվել է Արցախում։ 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Սեն-Լո քաղաք, որտեղ սկսել է ֆուտբոլային առաջին քայլերը։ 13 տարեկանում տեղափոխվելով «Նանտի» ակադեմիա՝ հայ ֆուտբոլիստը խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում՝ այդ թվում գլխավոր թիմում։ Մեր ակումբի հրավերով նախորդ տարի սեպտեմբերին Մանվելյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան ու համալրել «Նոայի» կազմը։ Հայաստանի երիտասարդական հավաքականում Գոռ Մանվելյանն անցկացրել է 4 հանդիպում, իսկ «Նոայում» փայլուն ելույթներից հետո հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում օրեր առաջ նշել է նորամուտը՝ խաղադաշտ դուրս գալով Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի վերջնամասում։ «Նոայի» կազմում Մանվելյանն անցկացրել է 23 խաղ Հայաստանի առաջնությունում ու դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում մասնակցել է 7 խաղի ու դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինձ համար մեծ պատիվ է երկարաձգել պայմանագիրս «Նոայի» հետ։ Կանեմ առավելագույնը, որպեսզի օգնեմ այս նախագծին»,-պայմանագրի ստորագրումից հետո ասել է հայ ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։ Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոան» առաջին խաղը կանցկացնի Երևանում՝ հոկտեմբերի 3-ին մրցելով չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ: Հոկտեմբերի 24-ին երևանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»: Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել