Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր անվտանգային ճարտարապետությունը ցույց տվեց իր անարդյունավետությունը։ Մենք մտածում էինք, թե տարածաշրջանում կարող ենք ապրել փակ սահմաններով, խոսել այնպես, ինչպես որ ուզում ենք, ու հեռու կամ մոտիկ դաշնակիցները կապահովեն մեր անվտանգությունը։ Սակայն պարզվեց, որ երրորդ երկրներն իրենց շահերի համար կարող են գործել այնպես, ինչպես ուզում են։ Դրա համար անվտանգության թիվ մեկ գրավականը խաղաղությունն է»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ աշխարհում չկա երկիր և ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգութուն Հայաստանի համար:

Հայաստանի համար անվտանգություն ի վիճակի է ապահովել ՀՀ-ն՝ իր տարածաշրջանում խաղաղութոյւն ապահովելու պարագայում: «Եթե մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության միայն մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը, ուրիշ ոչ մի երաշխիք չկա: Մեր կառավարության նպատակն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով, թե որքան դժվար է այն»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈւ-երի բարեփոխումներ, ինչը նաև Ադրբեջանում է քննարկվում, թե Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է՝ ՀՀ-ն չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի:

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քկմ, բայց Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- ասաց նա:

Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ վերջերս Ադրբեջանի հետ ստորագրած կանոնակարգը սահմանզատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք այդ խնդիրը լուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել