Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 3-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարրաները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքեներից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվ է գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի մասին ոստիանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:
Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/09/18/1269581