1991թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի ընթերցումը: Սեպտեմբերի 21-ը պետք է լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ամենասպասված տոնը:Մենք պետք է անհամբերությամբ սպասենք այս օրվան: Պետք է… բայց այդպես չէ: Անկախության հռչակումից ի վեր` հայ մարդն անցել է անանցանելիի միջով, ծանր պայմաններում հաղթել պատերազմում: Այդ ժամանակից սկսեց մեր` մինչ այժմ չձևավորված տնտեսության ստեղծումը: Կարող եք ասել.«Գոհ եղիր, կարող էր դա էլ չլինել»: Մի՞թե… Դուք այդպե՞ս եք կարծում…
Սխալը կայանում է հենց նրանում, որ նոր երկրի ստեղծման գործում կարևոր դերը վստահվեց մարդկանց, ովքեր նոր էին ձեռքից ցած դրել Կալաշնիկովի ավտոմատը: Ֆունդամենտալ սխալ վեկտոր և սխալ կատարողներ ընտրելու պատճառով մենք չենք կարողանում գոնե բարձրացնել մեր երկրի վիճակը «ծնկի եկած» մակարդակի: Եվ այդ նույն սխալ կատարողների «օգնությամբ» էլ դեռևս փորձում են «զարգացնել» Հայաստանը:
Եկավ մի խումբ, թալանեց, գրփեց, վաճառեց ամեն հնարավոր բան: Նրանց հաջորդեց այդ նույն գործելաոճի ջատագով մեկ այլ խումբ: Քանի որ կարգն է այդպիսին, նրանց էլ պետք է հաջորդեին այդ կարգի մի խումբ: Մեր ծնողները, ովքեր կարողացան հասնել ՀՀ անկախությանը, այսօր, գլուխները կախած, ասում են. «Երեխեք ջան, կներեք, մենք չգիտեինք, թե ինչ ենք բերելու ձեր գլխին»: Նրանք իրավացի են: Արտաքուստ թվում է, թե ամեն ինչ կարգին է: Երևանի կենտրոնում գեղեցիկ շենքեր են, տարատեսակ բրենդային խանութներ, ռեստորաններ և սրճարաններ… Բայց դա միայն կենտրոնում և միայն արտաքուստ: Երբ դուրս ես գալիս կենտրոնից, տպավորություն է ստեղծվում, թե դու հայտնվել ես ամերիկյան «Գետո»-ներից մեկում:
Ինչևէ, մենք` երիտասարդներս, այնքան ուժեղ և խելացի ենք, որ անպայման կերտելու ենք մի երկիր, որտեղ մենք և մեր երեխաները կապրեն հպարտ, բարեկեցիկ կյանքով, դրանում ես համոզված եմ: Մենք պետք է միահամուռ կերպով պայքարենք լավ երկիր ունենալու համար, ինչպես դա արեցին մեր ծնողները 22 տարի առաջ: Մեր հաղթանակները դեռ առջևում են, ամենալավը դեռ առջևում է:
Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին այս հրաշք տոնի` անկախության օրվա, կապակցությամբ և ցանկանում միայն առաջընթաց…
Նյութի աղբյուր՝ http://hartak.am/arm/index.php?id=7297#sthash.LydSb2qg.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել