ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր ABC News հեռուստաալիքը։ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած բանավեճը կարող է միակը լինել, քանի որ Թրամփն ու Հարիսն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ ևս մի նմանատիպ հանդիպում անցկացնելու շուրջ։
Ինչպես Թրամփ-Բայդեն հեռուստաբանավեճի ժամանակ, այնպես էլ այս անգամ հանդիպմանը հանդիսատեսներ ներկա չեն եղել, սակայն ի տարբերություն նախորդի, Թրամփ-Հարիս բանավեճը մեկնարկել է ընդդիմախոսների ձեռքսեղմումով։
Բանավեճի ընթացքում ընդդիմախոսներն անդրադարձել են տարբեր թեմաների, այդ թվում՝ Ուկրաինայի հարցին, Պուտինի կողմից «աջակցությանը», Միացյալ Նահանգներում առկա տնտեսական ու միգրացիոն խնդիրներին և այլն։ Նրանք փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով։
Խոսափողը միացված է եղել միայն տվյալ պահին ելույթ ունեցողի մոտ։ Ելույթի համար կողմերին տրամադրվել է երկու րոպե ժամանակ, ևս երկու րոպե՝ հարցին պատասպանելու համար, ինչպես նաև հավելյալ մեկական րոպե՝ պարզաբանումների համար։ Հեռուստաբանավեճը տևել է 1,5 ժամ, որի ընթացքում Թրամփը խոսել է 42 րոպե, Հարիսը` 37: Թեկնածուներին արգելվել էր հուշաթերթիկներ բերել, բանավեճի ընթացքում խորհրդակցել թիմի հետ և միմյանց հարցեր տալ․ նման իրավունք ունեին վարողները։