Գրություններ եմ ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Ահազանգել եմ Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, տաք ջրի համատարած բացակայության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայության, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներ մասին:
Սեպտեմբերի 1-ից, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, ես բազմաթիվ ծնողներից և ուսուցիչներից ստացել եմ դժգոհություններ, որ տարիներ շարունակ թվարկված խնդիրները չեն լուծվում.
Խոսվում է ներառականության մասին, սակայն դպրոցներում սանհանգույցներն անգամ հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցողների համար
Դպրոցների մեծամասնության ներսում զուգարանակոնքեր չկան (պպզելու միջոցով բնական կարիքները հոգալու հնարավորություն է միայն), որը դժվար է, հատկապես՝ տարրական դասարանների երեխաների համար:
Շատ դեպքերում և՛ այսպես կոչված «պպզովի», և՛ «նստովի» զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ գոնե առանձնացված չեն միջնորմերով, ինչը գործող նորմերի խախտում է:
Դպրոցների մեծ մասում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով նույնիսկ:
Մեծ մասում ապահովված չեն նաև ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա մեկանգամյա օգտագործման սրբիչներով (երեխաները տանից սրբիչ են տանում):
Գրեթե համատարած բացակայում է տաք ջրամատակարարումը:
Երեխաները ջուր խմում են սանհանգույցի ծորակներից, երբեմն ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է:
Պահանջել եմ նախարարներից տալ հետևյալ պարզաբանումները․
Ե՞րբ են վերջին անգամ ուսումնասիրել թվարկված խնդիրները
Ի՞նչ են արձանագրել այդ դաշտում
Դրանց լուծման մասով ի՞նչ ծրագրեր ունեն մշակված
Ո՞րքան ֆինանսական ներդրում է անհրաժեշտ ՀՀ դպրոցների սանհանգույցները գործող իրավական նորմերին համապատասխանեցնելու և պատշաճ տեսքի բերելու համար
Կոնկրետ ի՞նչ ժամկետներում են պատրաստվում լուծել տարրական սանիտարահիգիենիկ օրհասական խնդիրները հանրակրթական դպրոցներում:
Ի վերջո ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ անհրաժեշտ է, որ ապագա ուսանողները նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում ստանան իրենց դեռևս դպրոցական կրթությունը:
Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել