Hraparak.am-ը գրում է․
Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան։ Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք ևս պետության համար առաջնային նշանակություն ունեն։ Այս մասին կառավարության հերթական նիստում այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշումը։
«Այս կրթաթոշակների արդյունքում մենք պետք է ստանանք մասնագետներ, բառի բուն իմաստով։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ստանալ մի նոր խումբ, որն ասում է, որ բարձրագույն կրթության դիպլոմը, նույնիսկ երկու դիպլոմ ձեռքը չի կարողանում աշխատանք գտնել: Այս նախադասության մեջ ինչ-որ բան էն չի, որովհետև դեպքերի 90 տոկոսում չի կարող լինել այդպես: Ուրեմն կա պրոբլեմ: Իմ պատկերացմամբ՝ այն մարդը, որ չի կարողանում գտնել որևէ աշխատանք, թեկուզ ոչ իր մասնագիտությամբ, ուրեմն չգիտեմ։ Այսօր Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել:
Ընդ որում, մենք պետք է նայենք մեր ագրարային համալսարանի ծրագրերը, թե ինչքանով են դրանք համընկնում այսօրվա կարիքների տրամաբանությանն ու պահանջարկին: Հատկապես գյուղոլորտում այն գիտելիքը, որ կար 20 տարի առաջ, առնվազն զգալի մասով արդեն հնացած է, թանգարանային նմուշ է: Գյուղատնտեսությունը մեծ տեմպերով փոխվում է: Մենք պետք է այդ ուղերձը հղենք, որ 15-20 տարի առաջ եղած գյուղատնտեսությունը հնացած է, իսկ 5 տարի հետո ընդհանրապես շանս չունի»,- իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։