Ուղերձ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ղեկավարությանը և ուսխորհրդին:
Սեպ 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման օրը, տասնյակ բժիշկներ, ուսանողներ և դասախոսներ հավաքվել էին նշելու հայ ժողովրդի հավաքական ուժի եւ միասնականության ամենանվիրական և խորհրդանշական տոներից մեկը:
Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, բռնագաղթի և Բաքվի բանտերում այսօր խոշտանգվող ռազմագերիների առկայության պարագայում բժշկական համայնքի ձայնը լսելի դարձնելու հրամայականի առաջ ենք կանգնած:
Արձանագրում ենք, որ բժշկական համալսարանում Սեպ 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված ոչ մի միջոցառում տեղի չի ունեցել, այդ թվում ուսխորհրդի կողմից կազմակերպված:
100-ից ավելի բժիշկներ, ուսանողներ և դասախոսներ դիմումով խնդրել էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը իրենց նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպել:
Ցավոք մեր մայր բուհը` Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, չթույլատրեց միջոցառման անցկացումը համալսարանի տարածքում և մենք ստիպված եղանք դահլիճ վարձակալել` այլ վայրում քննարկում կազմակերպելու համար:
Կից ներկայացնում ենք դիմումը, որին ի պատասխան գրավոր մերժում ենք ստացել (նաև կցում ենք միջոցառման ծրագիրը): Արցախի օրը համալսարանում նշելու, զոհված բժիշկների փառքի անկյունում ծաղիկներ խոնարհելու, Արցախյան ազատամարտի մասնակից բժիշկների պատգամը լսելու, 44-օրյա պատերազմին մասնակից և արցախցի մեր ուսանողներին լսելու, բժշկական համայնքի անունից մեր անվերապահ նվիրումը արցախահայերի իրավունքների պաշտպանությանը վերահաստատելու, ռազմագերիների խնդիրը բարձրաձայնլու միջոցառումը համալսարանի ղեկավարությունը որակեց քաղաքական և արգելեց նրա անցկացումը համալսարանում:
Քննարկմանը մասնակցած բժշկական համայնքի ներկայացուցիչները ցավով տեղեկացան, որ ԵՊԲՀ հերոս բժիշկների հիշատակը հավերժացնող փառքի անկյունից վերջերս հեռացվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը: Այն դրոշը, որի պատիվը բարձր պահելու համար իրենց կյանքն են զոհաբերել մեր նահատակ բժիշկները:
Մասնակիցները որոշում կայացրեցին այս ուղերձով դիմել ԵՊԲՀ ղեկավարությանը և ՈՒԽ-ին` հորդորելով Արցախի դրոշը անհապաղ ետ վերադարձնել փառքի անկյուն:
Հույս ենք հայտնում, որ այս կոչ-հորդորը կսթափեցնի բուհի ղեկավար կազմին և ուսխորհրդին, և եթե առկա են քաղաքական ուղորդումներ և հրահանգավորում, հորդորում ենք տուրք չտալ Արցախի էջը փակելու որևէ ջանքերի, ում կողմից էլ դա պարտադրվի համալսարանին:
Քննարկման մասնակիցները նաև հանդես եկան բժշկական համայնքի անունից Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն ուղղված նամակ-ուղերձով, որը կհանրայնացվի սեղմ ժամկետերում:
May be an image of text
May be an image of text
May be an image of text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել