Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց «Ազատության» տեղեկությունները։ Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։ «Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։ Սա Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվեցին մեկնաբանել։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնատար անձինք, որոնց անունները դեռևս «Ազատությանն» անհայտ են։ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որ ավելի քան երկու տարի դատարանում է։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է Մամիկոն Ասլանյանին չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել: Ի տարբերություն նախկին համայնքապետի՝ ճարտարապետ Սուրեն Աբովյանը որևէ օր անազատության մեջ չի անցկացրել ու քրեական գործին զուգահեռ շարունակել է պաշտոնավարել Վանաձորի համայնքապետարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: