Mediahub.am-ը գրում է․
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության թաքնված հարուստ նախարարներից է։ Եւ ոչ միայն հարուստ։
Փարաքարցի Նարեկ Մկրտչյանի դեմքին նայելով՝ բացարձակ չես ասի, թե նա բիզնես ունեցող և իր համայնքում ազդեցություն ու լծակներ գործադրող նախարար է։ Տատիկ-պապիկների հետ միջոցառումների մասնակցող, իրենց կառավարության կողմից հանձնված ու այսօր արդեն իրենց կողմից ԼՂ անվանվող Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար աջակցության ծրագրեր իրականացնող, թոշակառուների համար քեշբեքի համակարգ ներդրած այս համեստ դեմքի արտահայտությամբ նախարարը, ասում են, իր ծննդավայր Փարաքարում, լուրջ հարցեր լուծող և ազդեցություն ունեցող մեկն է, որը նաև ընտանեկան բիզնես ունի այնտեղ։ Մի խոսքով՝ իսկական «թաքնված տաղանդ է»։
Փարաքարում գործող «Լիաննա Գարդեն Հոլ» ռեստորանային համալիրը հենց Նարեկ Մկրտչյանին և նրա ընտանիքին է պատկանում, թեպետ բիզնեսը իր անունով չէ գրանցած, այլ եղբոր՝ Տիգրան Մկրտչյանի։ Ու նրանք, հատկապես իշխանափոխությունից հետո, լուրջ դիրք և ազդեցություն են ձեռք բերել իրենց համայնքում, ու բոլոր կարևոր հարցերը՝ քաղաքական, համայնքային, կուսակցական և ոչ միայն, հենց Մկրտչյանի եղբայրների և հատկապես նախարար Մկրտչյանի ձեռքի տակով են անցնում։ Գիմա Նարեկ Մկրտչյանն այսքանը կարդալուց հետո գուցե հաճելիորեն զարմանա, որ իր մասին այդպիսի կարծիք է ձևավորվել ու ինքը այդքան զորեղ անձնավորություն է համարվում իր համայնքում, բայց իշխանությունն այնպիսի բան է, որ այն ստանձնելուց հետո անգամ ամենախելոք ու համեստ անձնավորությունն ակամա դառնում է «լուրջ հարց լուծող»։
Ի դեպ, Նարեկ Մկրտչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերն ու նաև հարսանիքի քավորն է, և նրանք դեռ ուսանողական տարիներից են ընկերություն անում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում նույն կուրսից են եղել։ Ի դեպ, մինչև իշխանափոխությունը, ասում են, Նիկոլ Փաշինյանը հաճախ էր նորաթուխ ՔՊ-ականների հետ այցելում Նարեկ Մկրտչյանի ռեստորան՝ նրա հաշվին ուտել-խմելու։ Հիմա երկուսն էլ ազդեցիկ պաշտոնյաներ են դարձել՝ ամեն մեկը իր տարածքում և ազդեցության գոտում։
Նարեկ Մկրտչյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, սակայն, իր մասին տարածված տեղեկությունների պես ճոխ ու ազդեցիկ չէ և ավելի շատ համապատասխանում է իր ստանձնած սոցիալ-դեմոկրատական կերպարին։ Չնայած ընտանեկան բիզնեսի առկայությանն ու նրան, որ ինքը մինչև իշխանության գալն էլ իր շատ կուսակիցների նման չտես չէր՝ փող ու հարստություն տեսած էր, բայց հայտարարագրում ընդամենը մեկ անհատական բնակելի տուն է հայտարարագրել հայրենի Փարաքար համայնքում և մեկ ավտոմեքենա՝ 2012 թվականի արտադրության Mercedes, որը ձեռք է բերել 2019 թվականին։
Նարեկ Մկրտչյանը նաև 54 մլն 297 հազար դրամի վարկ է վերցրել նախկիններին պատկանող «Արարատ բանկից» և «Արսալեդա» ՍՊԸ-ի կառուցած բազմաբնակարան շենքում բնակարան է գնել, ինչպես շատ ՔՊ-ականներ, որոնք փողոցով, իսկ ոմանք բառացիորեն փողոցից իշխանության գալուց հետո սկսեցին հերթով նորակառույց շենքերում վարկով բնակարաններ գնել։
2023 թվականի սկզբում նախարար Մկրտչյանն ունեցել է 4 մլն 573 հազար 536 դրամ և 7 մլն 168 հազար 241 դրամ, որոնք տարվա վերջում դարձել են, համապատասխանաբար, 3 մլն 104 հազար 123 և 4 մլն 746 հազար 804 դրամ։
Էլեկտրոնային հաշիվ, կրիպտոարժույթ և այլ ժամանակակից «ֆինտուֆլյուշկաներ» Նարեկ Մկրտչյանը չի հայտարարագրել, բանակային ավանդ ևս չունի ներդրած, արտարժույթով հաշիվ նույնպես չունի հայտարարագրած՝ դոլար, եվրո, ռուբլի կամ, ասենք, լարի և դըրհամ, ինչն առնվազն զարմանալի է, որ այդքան շատ գործուղումների մեկնող նախարարը անգամ իր ստացած օրապահիկներից մի երկու եվրո կամ մի քանի դոլար հետ չի գցել։ Չի բացառվում՝ իր ունեցվածքից որոշ բաներ ուղղակի թաքցրել է կամ հարկ չի համարել հայտարարագրել։ Նրա թե՛ բանկային հաշիվները, թե՛ կանխիկ գումարը միայն հայկական դրամով են, իսկ կանխիկ Նարեկ Մկրտչյանն անցյալ տարվա վերջին ունեցել է ընդամենը 3 մլն 500 հազար դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 2023 թվականի ընթացքում ունեցել է ընդհանուր 81 մլն 793 հազար 701 հազար դրամ, որից 21 մլն 580 հազար 90 դրամը կազմում է նրա աշխատավարձը՝ որպես նախարար, 3 մլն 269 հազար 689 դրամը՝ Ամերիկյան համալսարանից ստացած վարձատրությունը, քանի որ Նարեկ Մկրտչյանը այնտեղ նաև դասավանդում է, իսկ առյուծի բաժինը կազմում է «Արարատ բանկից» ստացած վարկը՝ 49 855 680 մլն դրամ, որը վերևում նշած մոտ 54 մլն դրամ վարկի մնացորդն է։