Lurer.com-ը գրում է.
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 20-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1043-Ն որոշման համաձայն՝ աղետի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման նպատակով բնակիչներին տրամադրել 35միլիոն 327 հազար 700 դրամ։
Տավուշի մարզպետը նախկինում պատասխանելով տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանի հարցմանը՝ ջրհեղեղից տուժածներին փոխհատուցելու մասին, նշել է․ «Գյուղացիական տնտեսություններին, օժանդակ կառույցներին, տնտեսվարողներին, ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասի փոխատուցման և սոցիալական աջակցության հետ կապված հարցերը գտնվում են քննարկման փուլում»։
Լրագրողը նշում է․ «Այս փուլում փոխհատուցել են միայն հեղեղված բնակարանների տերերին։ Սակայն անցած վեցուկես ամսում որպես պարգևավճար պետբյուջեից մեծ գումարներ են բաժանել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացրել են, որ 2024թ․ հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգևավճար»։