Առաջին հայացքից իրադարձությունը պետք է գրավեր միայն մարզասերների ուշադրությունը, բայց Հայաստանի ամենամեծ հարթակներից մեկում անցկացվող միջոցառումը խախտել է ՀՀ մի շարք օրենքներ:
Գլխավոր հովանավորներից մեկը Հայաստանում չլիցենզավորված բուքմեյքերական ընկերություն էր: Նախ ՀՀ–ում չլիցենզավորված բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը արգելված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ կետով, այն է՝ «Արգելվում է խաղային գործունեության կազմակերպումն առանց սույն օրենքով սահմանված լիցենզիայի» և 2-րդ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար:
Շահումով խաղերի գովազդի արգելքից հետո ՀՀ–ում լիցենզավորված ընկերությունները ճիշտ ժամկետներում հեռացրեցին բոլոր գովազդներն ու դադարեցրին նման գործունեությունը: Բայց ստացվում է, որ օրենքը արագ գործի դրվեց, երբ հարցը վերաբերվում էր հայաստանյան ընկերություններին: Նույն օրենքը նույն կերպ աշխատացնել արդեն չլիցենզավորված, արտասահմանյան բուքմեյքերական ընկերությունների դեմ, որոնք ոչ մի լումա չեն վճարում պետական բյուջե, որոնք ոչ մի երաշխիք չեն տալիս ՀՀ քաղաքացիներին՝ դեռևս չի ստացվում:
Մյուս կողմից պետական մարմինները, կարծես թե պայքարում են չլիցենզավորված բուքմեյքերների օնլայն գովազդների ու դրանց կայքերի հասանելիության դեմ: Բայց սա կարծես թե... քանի որ մայրաքաղաքի ամենատեսանելի մասերից մեկում անխափան ու մեծ մասշտաբներով գովազդվում է այդպիսի ընկերություններից մեկը:
Ընդ որում գովազդների քանակը զարմացնում էր, բուքմեյքերական ընկերության գովազդ կար Համալիրի դիմացի մեծ գովազդային վահանակների վրա, աստիճանների ներքևի մեծ վահանակների վրա: Եվ քանի որ արտաքին գովազդների ու դրանց նորմերի պահպանման համար պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գովազդները ստացել են քաղաքապետարանի հաստատումը:
Բուքմեյքերական ընկերության գովազդը անսահմանափակ էր նաև ներսում, ինչպես տպագիր ձևով, այնպես էլ տեսանյութերի ու ձայնային գովազդի տեսքով: Ավելին՝ այս գովազդը օրեր շարունակ, առանց որևէ արգելքի տեղադրված է եղել նաև օնլայն հարթակում, միջոցառման պաշտոնական էջերում: Ինչպե՞ս է ստացվել, որ նման ակնհայտ, Չթաքնված գովազդը չի նկատել ոչ մի պատասխանատու մարմին:
Ստացվում է, որ օրենքը կա, բայց այն չի գործում, վերահսկող չկա: Բանն այն է, որ այս միջոցառումը հայաստանյան իրականության համար էր, հետևաբար դրա պոտենցիալ հանդիսատեսը, ներկաների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ էին: Եվ նրանց, հենց միջոցառման ընթացքում, էկրանին ցուցադրվող գովազդի ժամանակ առաջարկվում էր մուտք գործել չլիցենզավորված բուքմեյքերական ընկերության կայք ու գրանցվել այնտեղ:
Հետաքրքիրն այն է, որ սա արդեն 2-րդ դեպքն է մեծ միջոցառման ժամանակ նման խախտումների: Առաջին նախադեպը «Մերիդիան» կենտրոնում Mac Conference-ի մասին է, որի մասին գրել էին լրատվամիջոցները, BlogNews.am-ը ևս անդրադարձել էր այդ դեպքին։
Այս դեպքում պատկան մարինները պետք է գործի դնեն Գովազդի մասին օրենքի 26-րդ հոդվածը՝ Պատասխանատվությունը գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար: Ըստ այս հոդվածի պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով: Այս դեպքում պարզ է դառնում, որ իրավախախտները վճարելու են ընդամենը 2.000.000 դրամ: Սա, իհարկե, նման դեպքի համար մեծ գումար չէ: Մնում է հուսալ, որ գոնե այս անգամ օրենքը գործի կդրվի ու պատկան մարմինները պատասխանատվության կենթարկեն օրենքը խախտողներին: Հակառակ դեպքում ստացվում է, որ սահմանափակումները գործում են միայն հայաստանյան լիցենզավորված 4 բուքմեյքերական ընկերությունների համար, մնացած բոլոր դեպքերում դաշտը վերահսկելի չէ: