«Ցավոք, ես միայնակ եմ մեծացնում և դաստիարակում իմ զավակին, Հայկոյից հետո ես շատ ուրիշ ձև էի ամեն ինչ պատկերացնում, թե ինչպիսին կլինի Արմանի դաստիարակությունը: Հայկոն, եթե ժամանակին իմանար, որ բոլոր ընկերները կամ բարեկամները, ովքեր միշտ իրեն շրջապատում էին, մի օր, երբ ինքը չլինի, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ, ինքն ավելի զգույշ կլիներ նրանց ընտրության հարցում»,- «24 TV-»-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանն՝ անդրադառնալով Հայկոյի մահվանից հետո որդուն միայնակ մեծացնելուն:

Նա նաև նշել է, որ այսօր ոչ ոք իրենց կողքին չէ: «Խոսքը իր ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ շատ հարազատ են, մտերիմ են, բայց ես և Արմանը այս պահին տեսնում ենք բոլորովին ուրիշ պատկեր: Ես ստիպված եմ այս պահին միայնակ լինել Արմանի համար և՛ ընկեր, և՛ ծնող, և՛ ընկերուհի, ամեն ինչ: Փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է, որովհետև այսօր ես ունեմ շատ բարի, հավասարակշռված, խելացի տղա, ով, ցավոք, ժամանակից մի քիչ շուտ մեծացավ, բայց ինքը իմ ամենամտերիմ ընկերն է: Ես շնորհակալ եմ իմ աշխատակցին՝ Նարեկին, Արմանի փոքր ժամանակվա վարորդին, և Ռոբերտին, ովքեր տարիներ շարունակ մեր կողքին են եղել, Արմանին շատ բան են սովորեցրել, ընկերություն են արել հետը:

Հայկոն այն հայրն է եղել, որ ոչ ոք նրա բացը չի կարող լրացնել Արմանի կյանքում: Շնորհակալ եմ նրան, որ թեկուզ այդ կարճ ժամանակահատվածում Արմանին այդքան սեր է տվել: Արմանը ամեն ինչ հիշում է, Հայկոյի տված խորհուրդներն էլ է հիշում, այն ամենն, ինչը նրան սովորեցրել է: Հայկոյի բացը հնարավոր չի լցնել»,- ասել է Անահիտ Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել