1in.am-ը գրում է.
Եվրամիությունը կարող է Վրաստանի ու Մոլդովայի հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Վիլնյուսում նոյեմբերի վերջին ծրագրված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ ընդայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ փոխանցում է Gruziya Online-ը:
«Վիլնյուսի գագաթնաժողովին կարող են այդ համաձայնագրերի ստորագրման նախապատրաստություններ արվել, և դրանք կարող են ստորագրվել տարվա ընթացքում»,- լրագրողներին ասել է Ֆյուլեն «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովի շրջանակում մամլո ասուլիսի ժամանակ:
Եվրահանձնակատարը նշել է, որ Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրման նախապատրաստություններն արդեն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ այսօր Յալթայում աշխատանքն է սկսել «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային կազմակերպության համաժողովը, որը միավորում է քաղաքական գործիչների, գործարարների ու լրագրողների ՝ Ուկրաինայի բարեփոխմանը և նրա՝ Եվրամիություն մուտքին աջակցելու նպատակով: