Բելգիայի Թագավոր Ֆիլիպ Առաջինը բարոնի աստիճան է շնորհել ծագումով հայ, բելգիացի հայտնի գործարար, հասարակական գործիչ Պիեռ Գուրջյանին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Պիեռ Գուրջյանն անդրադարձել է հայրական կողմից իր մեծ ծնողների՝ Թուրքիայից Բելգիա տեղափոխվելու պատմությանը, Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ «Հայաստան 2020» նախագծի շրջանակներում Հայաստան կատարած այցերին։
Հայտնի գործիչն ասում է՝ ստացած բարոնի աստիճանին վերաբերվում է որպես պատասխանատվության ու խրախուսում է Բելգիայում ներդրումներ կատարելու շարունակականությունը, հատկապես այն ամենում, ինչը ներառում է այն երիտասարդ տղամարդկանց և կանանց աջակցելը, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ավելի լավ հասարակություն ստեղծելու գործում:
Խոսելով իր ընտանիքի մասին՝ Գուրջյանը տեղեկացրեց, որ մայրը բելգուհի է՝ Անտվերպենից, ուստի միայն հայրիկի կողմից է հայ։ «Իմ ընտանիքը Բելգիա է ժամանել 1921 թվականին։ Պապս՝ Կարապետ Չարլզ Գուրջյանը, սերում էր Կոստանդնուպոլսի հայ վաճառականների ընտանիքից։ Հիմնականում ապրել է Զմյուռնիայում։ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել»։
Այսպիսով, պապս դարձել է ինժեներ և մի քանի տարի աշխատել է Եվրոպայում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ ի թիվս այլ ընկերությունների, աշխատել է Գերմանիայի «Կրուպ» ընկերությունում, իսկ հետո՝ Իսպանիայում: Այնուհետև երիտթուրքական հեղափոխության ժամանակ վերադարձել է Թուրքիա։ Ժամանակներ էին, երբ մոդեռնիզմի քամի կար։ Այնուհետև նա մտել է օսմանյան վարչակազմ և աշխատել երկաթուղիներում։ Ինչքանով ես եմ հասկանում, քանի որ նրան քիչ եմ ճանաչել, բավականին բարձր պաշտոն ուներ օսմանյան վարչակազմում: Նրան է հանձնարարվել դեպի Բաղդադ երկաթուղու շինարարությունը։ Ցեղասպանության ժամանակ նա անհանգստացած չի եղել իր և իր ընտանիքի անվտանգության համար։ Մանրամասն չգիտեմ պատմությունը և, ցավոք, նա երբեք շատ չի խոսել այդ մասին: Թե ինչու չէր անհանգստանում, իմ վարկածն այն է, որ, քանի որ նա սահուն խոսում էր գերմաներեն և ինժեներ էր, օգտակար էր այն ժամանակ օսմանցիների դաշնակից գերմանացիներին [որոնք կառուցում էին երկաթուղին։
«Ես ծնվել եմ առանց որևէ մշակույթի ուղղակի փոխանցման, բացի ազգանունից, որը, իհարկե, կարևոր գործոն է։ Մինչև 40 տարեկանը ես Բելգիայում բառացիորեն ճանաչում էի ընդամենը 3 հայի։ Այսպիսով, ես բացարձակապես դուրս էի հայկական համայնքից: Երբեք չեմ խոսել այդ լեզվով, տանը նույնպես հայկական խոհանոց չենք պատրաստել։ Հետևաբար, անհապաղ ու անմիջապես փոխանցում չի եղել: Հայաստանով սկսել եմ շատ հետաքրքրվել 2001-2002 թվականներից, բայց այլ տեսանկյունից։ Դա Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի մասնակցությամբ խոշոր նախագծի՝ «Հայաստան 2020»-ի շրջանակներում էր։ Ես շատ ակտիվ էի այս նախագծում։ 2016-2020 թվականներին Հայաստանում էի լինում 6 շաբաթը մեկ անգամ։ Հետևաբար, ես շատ մեծ ներգրավվածություն ունեի Հայաստանում, բայց այսօրվա աշխարհում զարգացման տեսանկյունից, այլ ոչ թե անմիջական մշակութային արմատներով: Ներկայիս Հայաստանում իմ համեստ ներդրումն ուղղված էր ոչ թե արմատներիս հետ կապը վերականգնելուն, այլ այն ստեղծելուն, կամ գոնե այնպիսի ինքնություն ստեղծելուն, որը հիմնված է ավելի քիչ պատմության և ավելի շատ ապագայի նկատմամբ պրոյեկցիայի վրա»,-պատմեց Գուրջյանը: