1in.am-ը գրում է.

Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հրավերով Հայաստան են ժամանել եգիպտացի մի խումբ լրագրողներ: Նրանք սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ այցի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները, տեղեկացնել, որ հայ համայնքն ապահով վիճակում է, պարզաբանել, որ Եգիպտոսում տեղի ունեցողը հեղափոխություն է, ոչ թե հեղաշրջում: 

Հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկմանը Եգիպտոսի քաղաքական օրակարգում, նշեց, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են, երկար ժամանակ է՝ Եգիպտոսում հայ համայնք կա, բայց շատ եգիպտացիներ տեղյակ չէին Հայոց ցեղասպանության մասին: 

«Ցեղասպանության մասին սկսեց խոսվել, երբ Եգիպտոսի և Թուրքիայի միջև լարվածություն ստեղծվեց հունիսյան հեղափոխությունից հետո: Եգիպտացի շատ լրագրողներ կարծիք հայտնեցին, որ Հայաստանի հետ համագործակցությունն պետք է ավելի սերտացնել, բարձրաձայնել այս հարցը՝ եգիպտացի քաղաքացիներին տեղեկացնելու համար: Որևէ կառավարություն, նախքան որոշում ընդունելը, պետք է ժողովրդին տեղեկացնի, նոր հստակ որոշում ընդունի»,- ասաց նա՝ նկատելով, որ պաշտոնական կարծիքին անդրադառնում են դիվանագիտները, իսկ իրենք պարտավորվել են ժողովրդին ծանոթացնել Ցեղասպանությանը: Նրա համոզմամբ՝ սա մարդկային հարց է, ռեալ քայլ: 

Դիվանագիտական և մշակութային լրագրող Ալլա էլ Տինը նշեց, որ Թուրքիան մեծ սարսափ է ապրում այն հեռանկարից, որ Եգիպտոսը կարող է ընդունել Ցեղասպանությունը: «Երբ Թուրքիան սահմանն անցավ Եգիպտոսի հանդեպ և իր ձևով նկարագրեց՝ ինչ տեղի է ունենում, փոխանակ իրականությունը ներկայացնելու, Եգիպտոսն ակնարկեց, որ կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը. դա համընկնում է եգիպտացի ժողովրդի զգացմունքներին: Եգիպտոսում տեղի ունեցողը Թուրքիան հակառակն է ներկայացնում, և այս որոշման արդյունքում մեղմացան թուրքական հայտարարությունները»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Եգիպտոսի հասարակ քաղաքացիները տեղյակ չէին Հայոց ցեղասպանությանը, իսկ իրենց ջանքերի շնորհիվ ընդհանուր կարծիք է ձևավորվել եգիպտական հասարակության մեջ՝ հասարակ ժողովրդի, դիվանագետների, պաշտոնական մակարդակով: Լրագրողը համոզված է՝ պետք է պահանջել պաշտոնական մակարդակով ընդունել Ցեղասպանությունը՝ որպես հակակեցվածք Թուրքիայի ամբարտավան կեցվածքի: 

Լրագրող, միջազգայնագետ Հազեմ էլ Մալլահի համոզմամբ՝ Եգիպտոսը կանդրադառնա նաև ԼՂ հարցին, սակայն ներկայումս նա զբաղված է ներքին քաղաքական հարցերով: «Եգիպտոսում հիմա ճանապարհային քարտեզ կա, որը պետք է առաջ տանել: Կարծում եմ՝ ներքին քաղաքական վիճակը որոշակի ազդեցություն է թողնում Եգիպտոսի հասարակայնության վրա, և ԼՂ հարցին կարելի է անդրադառնալ կայունության հաստատումից հետո»,- ասաց նա: 

Միջազգայնագետը համամձայն չէ այն տեսակետին, որ ԼՂ հարցում դիրքորոշման ձևավորման մեջ կրոնը որոշիչ նշանակություն ունի: Նա պնդում է, որ այս հարցում Եգիպտոսի կեցվածքը բացարձակ կապ չունի կրոնի հետ, Եգիպտոսի պաշտոնական տեսակետն է՝ հարցը պետք է կարգավորվի միջազգային օրենքների շրջանակներում: «ԼՂ հարցը կրոնական չէ, հայերը շատ առավելություններ ունեցան անգամ օսմանյան տիրապետության ժամանակ: Եգիպտոսում առաջին վարչապետը եղել է քրիստոնյա հայ, ԱԳ առաջին նախարարը ևս: Եգիպտոսում ներկայումս գործող շատ դերասաններ հայկական ծագում ունեն»,- ասաց նա: 

Լրագրող Ամիր Զաքիրը, որը Հայաստան է ժամանել Քուվեյթից, նշեց, որ երկու երկրների միջև հատուկ հարաբերությունները հաշվի առնելով՝ եկել է Հայաստան՝ տեղի տնտեսությանը և տուրիզմին Քուվեյթի ժողովրդին ծանոթացնելու համար: 

Լրագրող Ահմեդ էլ Ֆարրանի խոսքով՝ Եգիպտոսի ներկա վիճակը միշտ չէ, որ ճիշտ է ներկայացվում: «Եգիպտոսը, հեղափոխությունից հետո պահանջելով փոփոխություններ, կազմել է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ կկատարվեն սահմանադրական փոփոխություններ, դրան կհաջորդեն նախագահական և պառլամենտական ընտրությունները: Եգիպտոսում ավարտվում է ժամանակավոր ընթացքը, և սկսվում է կառուցողական շրջանը: Հիմա Եգիպտոսը պայքարում է ահաբեկչության դեմ, ջիհադական խմբավորումների դեմ»,- ասաց նա՝ նշելով, որ Եգիպտոսում մեծ ջանքեր են գործադրվում՝ վերջ տալու համար ահաբեկչությանը:

Լրագրողները նշեցին, որ ցանկանում են՝ Հայաստանը նեցուկ կանգնի Եգիպտոսին այս դժվար ժամանակահատվածում: Նրանք համոզված են՝ իրենց երկրում ընթացողը քաղաքական պայքար է, ոչ թե կրոնական, այն խմբավորումների դեմ է, որոնք կրոնն օգտագործեցին քաղաքական շահի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել