Սա ոչ թե Զանգեզուրի, այլ՝ Թուրանի միջանցք է, որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին։
Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների վերահսկման շուրջ։
Ինչու՞ է այն տեղի ունենում ։
Ո՞րն է ՀՀ շահը։
Ու՞մ շահերն է ապատարկում ՀՀ իշխանությունը։
Դեռեւս հուլիսի վերջին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը, որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է, շրջանցելով ՌԴ-ն եւ Չինաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ավելին. ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում, որը կհանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։
Գաղտնիք չէ, որ ի սկզբանե Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարեւոր ֆորպոստ դիտարկում էր Վրաստանը, սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։
Արեւմուտքը հստակ ազդակ հղեց Փաշինյանին, որպեսզի նա «կտրվի ՌԴ-ից եւ իրականացնի համարձակ քայլեր»։
Օ՚Բրայենի այս դիրեկտիվներին ոչ Փաշինյանը, ոչ էլ որեւէ իշխանավոր հրապարակային չընդդիմացավ՝ ըստ էության ընդունելով իրենց իշխանության արեւմտյան վասալի կարգավիճակը։
Ինքնիշխանությունից ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսող Փաշինյանը ռիսկ չարեց կես բառ անգամ արտաբերել ՀՀ ինքնիշխան պետություն լինելու եւ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։
Բայց, ի տարբերություն Փաշինյանի, Վրաստանի իշխանությունները հայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։
Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մամուլի հրապարակումների համաձայն մի քանի օր առաջ նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։
Վրացական իշխանության նման վարքագիծը ստիպեց Արեւմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։
Հավաքական Արեւմուտքը սկսեց անթաքույց ուղղորդել ՀՀ իշխանություններին եւ մենք ականատես եղանք իշխանական «փաղանգի»արեւմտամետ հայտարարությունների։
Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, որ պետք է դեմ լիներ ՌԴ-ի, Իրանի եւ Չինաստանի շահերին։
Հարկ է նշել, որ նման հայտարարություններով ամերիկյան պաշտոնյան փաստում էր,որ վերջին 2,5 տրիների զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ու այդ թվում 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի անբաժանելի մաս, դա Վաշինգտոնի ծրագրված քաղաքականության մի մասն էր Հարավային Կովկասում։
Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր, քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Արեւմուտքի ձեռքերն ազատվում են «միջին միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։
Այդ ծրագրի խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։
Ուստի Արեւմուտքն ու Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին գունավոր հեղափոխություն, իսկ 2020- 2023թթ. նաեւ նիկոլիզմի օժանդակությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։
Անվիճելի է, որ Արեւմուտքին Հայաստանը պետք է միայն որպես գործիք Իրանի եւ ՌԴ-ի դեմ։
Եվ Իրանում սա շատ լավ հասկանում են։
Ու պատահական չէ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց, որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարեւանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։
Գաղտնիք չէ, որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։
Իրանը կտրականապես դեմ է այդ միջանցքին, շատ լավ հասկանալով, որ միջանցքը սպասարկելու է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։
Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը կարծիք հայտնել, ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Պատահական չէ, որ Իրանում այդ միջանցքն անվանում են ոչ թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Հայկական խաչմերուկ», այլ՝ «Թուրանական միջանցք»։
Նման իրավիճակում հավանական է դառնում Մոսկվա -Թեհրան -Պեկին ռազմավարական ալյանսի ձեւավորումը, որտեղ իր շահեկան տեղը կարող է ունենալ նաեւ Հայաստանը։
Բայց միայն ազգային, պետական ու արհեատավարժ փորձառու իշխանություն ու քաղաքական դերակատարներ ունենալուց հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել