Lurer.com-ը գրում է.
Զոհված զինծառայողի ծնողը Եռաբլուրում հայտնաբերել է նահատակված հերոսների շիրիմների միջոցով թմրանյութի փոխանցման դեպք: Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակիչների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը:
Ծնողը շիրիմին տեսախցիկ ունի տեղադրած, որի միջոցով էլ բացահայտել է սարսափելի իրողությունը, երբ թմրանյութ տեղադրելն ու վերցնելը իրականացվել է խունկ լցնելու պատրվակով: Սրբազանն արձանագրեց, որ անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում թմրամիջոցների շրջանառության աճի մասին:
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաեւ Բաքվի պահանջների մասին, որոնց Փաշինյանն այդքան ընդառաջ է գնում: Մասնավորապես` ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու ենթադրյալ իրավունքի մասին ու պատասխան չի ստանում ՀՀ իշխանություններից:
«Ադրբեջանցիներն այստե՞ղ են ապրելու, այս գյուղերո՞ւմ և ո՞վ է նրանց իրավունքները պաշտպանելու, երրորդ ուժ, որն այդ դեպքում Թուրքիան է», - Նիզամի գյուղում ասել է Բագրատ սրբազանը: Ավելին, նա նշել է, որ իրեն հասած տեղեկություններով` ֆեյքերին կերակրելու համար ՀՀ իշխանությունները 50 մլն գումար են ծախսել, որպեսզի պախարակեն շարժումը, դրա մասնակիցներին:
Նրա արձանագրմամբ` բազմաթիվ օրինակներ վկայում են, որ իշխանությունների ձեռքին կան մեծ գումարներ ու հարց տվեց, թե որտեղից են այդ գումարները: Օրինակ` Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին գույքի դիմաց առաջարկվում են մեծ փոխհատուցումներ, անգամ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` մի ժանգոտ տնակի դիմաց: «Որտեղից և ինչ աղբյուրից են նման գումարները», - հրապարակային հարցադրում հնչեցրեց Սրբազանը:
Նա այսօր հանդիպում կունենա նաեւ Մասիս քաղաքում: