Բանգլադեշում օգոստոսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների զոհերի թիվը հասել է 109-ի: Այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու բժիշկներին։
Ավելի վաղ հաղորդվել էր 56 զոհի մասին։
Գործակալության հաշվարկների համաձայն՝ հուլիսին երկրում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 409-ի։
Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, որը 15 տարի ղեկավարել էր երկիրը, հրաժարական է տվել, քրոջ հետ միասին լքել իր պաշտոնական նստավայրը մայրաքաղաք Դաքայում և մեկնել Հնդկաստան։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Հասինան ապաստան է խնդրում Մեծ Բրիտանիայից:

Ըստ Reuters գործակալության՝ Բանգլադեշի ցուցարարներն օգոստոսի 6-ին պահանջել են խորհրդարանի ցրումը։ Հասինայի դեմ շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Նահիդ Իսլամը, հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ցրվի մինչև տեղի ժամանակով ժամը 15։00-ն, և խնդրել է «հեղափոխական ուսանողներին պատրաստ լինել», եթե դա տեղի չունենա։

Օգոստոսի 6-ին Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը պետք է հանդիպեր ցույցերի ուսանող ղեկավարների հետ և քննարկեր ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը պետք է երկրում կազմակերպի ընտրություններ։

Բանգլադեշում ուսանողները բողոքի ակցիաներ են սկսել հուլիսից։ Ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել