MediaHub.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը մինչև իշխանափոխությունը համեստ, հասարակ մի պատմության ուսուցիչ էր և դիմորդներին պատմություն սովորեցնելով էր իր հիմնական ապրուստը վաստակում, իշխանության գալուց հետո կտրուկ բարելավել է իր ֆինանսական վիճակն ու հարստացել։ Պապիկյանի ֆինանսական վիճակն էապես բարելավվեց հատկապես տարածքային կառավարման և «ասֆալտաշինության» նախարար դառնալուց հետո։ Այդ ժամանակվանից արդեն խոսակցություններ կային, որ Պապիկյանի գործերը չափազանց լավ են ասֆալտապատման և ճանապարհաշինության տենդերներ կազմակերպող գերատեսչության ղեկավար դառնալու շնորհիվ։

Հիշեցնենք, «Հետքը» գրել էր, որ Սուրեն Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ 168 հազար դոլարով բնակարան է գնել Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» թաղամասում։ Ու թեև «Հետքը» գրել էր, թե Պապիկյանի՝ «Բյուրեղ» թաղամասում կառուցվող շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, սակայն MediaHub-ի տեղեկություններով՝ Պապիկյանի բնակարանը, իրականում, մի քանի անգամ ավելի մեծ է՝ մոտ 400 քմ։

Բայց այս ամենը Պապիկյանը թաքցրել է իր 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում։ Նա որպես անշարժ գույք հայտարարագրել է  2019 թվականին ձեռք բերված միանձնյա սեփականություն հանդիսացող բնակարան Արաբկիր վարչական շրջանում, ու թեև հստակեցված չէ՝ որտեղ, բայց հայտնի է, որ դա թանկարժեք «Երազ» թաղամասում է՝ բավականին խոշոր մակերեսով, չնայած որ Պապիկյանը թաքցրել է տան մակերեսը։ Նա նաև երեք հողակտոր է հայտարարագրել Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում ու դարձյալ չի նշել՝ որը քանի քմ է։ 

Պապիկյանը նաև անհատական բնակելի տուն է հայտարարագրել` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, սակայն թաքցրել է թե՛ սեփականատիրոջ անունը, թե՛ տան մակերեսը, միայն նշված է, որ առանձնատունը գտնվոմ է «Կենտրոն» վարչական շրջանում։

«Բյուրեղ» թաղամասում ձեռք բերած հսկայական մակերեսով բնակարանը, սակայն, Սուրեն Պապիկյանի լրացրած հայտարարագրում չկա․ հավանաբար բնակարանը դեռ կառուցված և վկայականը հանձնված չէ, այդ պատճառով նա դեռ սեփականատեր չի համարվում։ Փոխարենը հայտարարագրում նշված է 75 մլն 573 հազար դրամ փոխառության մասին, որը նա բանկի միջոցով հանձնել է «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ին, որը հենց «Բյուրեղ» թաղամասը կառուցապատող ընկերությունն է։ 

Ուշագրավ է, որ այդքան անշարժ գույք ունեցող պաշտպանության նախարարը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել՝ հավանաբար դրա կարիքը առայժմ չունի, քանզի իրեն՝ որպես նախարարի, միանգամից երեք մեքենա է սպասարկում, և որքանով տեղյակ ենք՝ տան անդամներին նույնպես պետական միջոցներով տրամադրված մեքենա է սպասարկում, ուստի անձնական մեքենայի կարիք չունեն։ 

Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի ֆինանսական միջոցներին, ապա նախարարը 2023 թ․ հաշվետու տարվա սկզբին իր բանկային հաշիվներին ունեցել է 592 հազար 635 դրամ, 17 հազար 501 դոլար, 10 մլն 636 հազար 441 դրամ և 10 հազար 254 եվրո, որոնց մեծ մասը հաշվետու տարվա վերջին աճել են՝ դառնալով, համապատասխանաբար, 1 մլն 605 հազար 422 դրամ, 17 հազար 501 դոլար, 17 մլն 48 հազար 421 դրամ և 10 հազար 393 եվրո։

Իսկ որպես կանխիկ դրամ Պապիկյանը տարվա վերջին ունեցել է «ընդամենը» 20 հազար դոլար և 10 հազար եվրո՝ որպես ձեռքի ծախս, հավանաբար։

Պաշտպանության նախարարի եկամուտները տարվա վերջին կազմել են 31 մլն 101 հազար 310 դրամ, որից  21 մլն 499 հազար 450 դրամն է պաշտպանության նախարարությունից ստացված եկամուտ, իսկ, օրինակ, 7 մլն 805 հազար դրամը Պապիկյանը ստացել է Գեորգի Դմիտրիի Սագարաձեից՝ որպես վարձակալության դիմաց ստացված գումար։ Այսինքն՝ Պապիկյանն իր բնակարաններից մեկը տվել է վարձակալությամբ, որ կողքից փող աշխատի, իսկ ինքը բնակվում է կառավարական ամառանոցներում՝ պետության հաշվին։ 

Մի խոսքով՝ նախկինում պատմության ուսուցիչ աշխատած Սուրեն Պապիկյանն այսօր մեծահարուստ նախարար է, քանզի լիուլի օգտվում է իշխանական բարիքներից՝ պետության հաշվին օրըստօրե հարստանալով և «գիրանալով»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել