Emedia.am-ը գրում է.
Բելգիայի կառավարություն համացանցային ռեսուրսը ենթարկվել է ծրագրավորված հաքերային հարձակման։
Ինչպես փոխանցում է Interfax գործակալությունը, Բելգիայի կառավարության որոշ համակարգիչների մեջ տեղադրվել են գաղտնի աշխատող ծրագրեր։
«Ես դեռևս չեմ տիրապետում մանրամասներին, սակայն համաձայն նախնական տեղեկությունների ինչ-որ պետության ներկայացուցիչների կողմից համապատասխան գործողությունների արդյունքում որոշ համակարգիչների մեջ տեղադրվել են ծրագրեր՝ աշխատող ի վնաս մեզ»,- նշել է Բելգիայի կառավարության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում։
Բելգիական ԶԼՄ-ներում հայտնում են, որ գրեթե նույն ձեռագրով աշխատող հաքերային խումբը նաև աշխատել է լրտեսելու Belgacom կապի օպերատորին և ևս մեկ բրիտանական օպերատորի, որը գործում է թագավորության տարածքում։ Միաժամանակ տեղի ԶԼՄ-ները հակված են ենթադրելու, որ նման քաղաքականություն իրականացվում է Չինաստանի կողմից։
Նշենք, որ երեկ eMedia.am-ն արդեն հաղորդել էր այն մասին, որ հաքերային հարձակման է ենթարկվել նաև Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը։