1in.am-ը գրում է

Երևանի երկինքը ծածկված է նորակառույցների տանիքներով, բոլորը շենքեր են կառուցում, իսկ այգիներ տնկելու մասին ոչ ոք չի մտածում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

«Մեղք ենք. քարը մեր քաղաքում շատ է, շնչելու թթվածին չկա: Շատ ցավալի է, որ հին Երևանի շենքերը քանդվում են, ինչպես՝ Փակ շուկան, «Սևան» և «Դվին» հյուրանոցները, Երիտասարդական պալատը: Բայց ինչո՞ւ ամեն ինչ այսպես եղավ: Որպես արվեստագետ՝ իմ սիրտը շատ է ցավում: Իսկ որպես երաժիշտ էլ կասեմ, որ կլկլոցներն ու անճաշակ երաժշտությունը խեղդում են մեզ, բայց հավատում եմ, որ կգա մի օր, երբ կրկին կհնչեն Կոմիտաս, Վերդի, Բեթհովեն ու Մոցարտ: 

Ափսոս, որ մենք՝ արվեստագետներս, կախված ենք անհատների ճաշակից: Ես շատ անգամ նման մարդկանց համոզում եմ, որ իրենցից բարձր գեղագիտական ճաշակ ունեմ, իրենցից շատ եմ հասկանում այդ գործից: Արվեստի գործը ճաշակ է ուզում, իսկ այսօր ամեն մեկը դարձել է ճաշակ թելադրող»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Լևոն Թոքմաջյանը ցավ հայտնեց, որ պետությունը իր մշակույթին, իր արվեստագետին «տեր չի կանգնում»: ««Եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքն է գործում»,- նշեց արվեստագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել