«Ոչ մեկ չի ցանկանում անցնել նոր ճանապարհով, քանի որ ադրբեջանցի սահմանապահների ներկայությունը խանգարում է։ Անվտանգությունից ելնելով՝ մարդիկ նախընտրում են մի քիչ ավելի երկար՝ Աճարկուտի շրջանցիկ ճանապարհը»,- այս մասին MediaHub-ին պատմում է Կիրանց գյուղի բնակիչը` դժգոհելով, որ նախկին շարժին և աշխույժ անցուդարձին կարոտել են։
Ավելի քան 20 օր փակ մնալուց հետո հայ-ադրբեջանական սահմանի պատի տարածքում շինարարությունը գրեթե ավարտվել է: Նոր ճանապարհի անհրաժեշտություն կար, քանի որ Խեյրիմլիի հետ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին է անցել Կիրանցի կամուրջը, որը Վրաստանին կապող երակներից մեկն էր։
«Նոր ճանապարհով դեռ երթևեկություն չկա։ Կիրանցի հողերը հանձնելուց հետո այսօր Փաշինյանը կգա Կիրանց։ Իր համար ի՞նչ տարբերություն, որ մենք գիշերը չենք քնում, մտածմունքների մեջ ենք, կարևորը ասֆալտը փռած լինի։ Խոսքս հիշեք, եթե այսպես շարունակվի, ու մենք ծափահարենք ասֆալտ անելու համար, ամբողջ Հայաստանը կդառնա Կիրանց։ Իրենք մենակ ասֆալտով են հպարտանում, որովհետև մենակ դա են կարողանում անել։ Բայց ասֆալտը անվտանգությո՞ւն ա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանն արդեն Տավուշի մարզում է։ Նա ծանոթանում է 2023 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին։