168.am-ը գրում է․
Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկում են «վերագործարկել» հարաբերությունները և Վաշինգտոնից հանդիպական քայլերի հույս ունեն։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսում։
«Մենք ցանկանում ենք մեր ամերիկացի գործընկերներին առաջարկել այլ օրակարգ, ինչը նշանակում է «վերագործարկում»: Ձեզ հայտնի է, թե որքան բան է փչացել այդ հարաբերություններում անցած երեք-չորս տարիների ընթացքում: Այդ ֆոնին վրաց-ամերիկյան հարաբերությունները «վերագործարկման» կարիք ունեն»,- Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ երկրի իշխանություններն ակնկալում են, որ ԱՄՆ-ի կողմից կընդունվեն պրագմատիկ որոշումներ այդ ուղղությամբ։Կոբախիձեի խոսքով՝ հարաբերությունների «վերագործարկման» համար առաջին հերթին անհրաժեշտ է արդարացի մոտեցում։ Վրաստանի կողմից դրա համար կարվեն առավելագույն անհրաժեշտ քայլերը։
Գլխավորն այն է, որ այդ քայլերն անեն նաև ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անցյալ շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Վրաստանի զինված ուժերի «Արժանի գործընկեր» (Noble Partner) համատեղ զորավարժությունները, որոնք ծրագրված էին 2024 թ. ամռանը, հետաձգվել են անորոշ ժամկետով՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։