Լիալուսնի օրը՝ հուլիսի 20-ին, հայտնի ու սիրված կատարողներ Banderos-ը, Outlandish-ը, Vintage-ը, Reincarnation-ը, 5Sta Family-ն, և DLitte-ը պարգևեցին անմոռանալի օր իրենց հայ երկրպագուներին Full Moon Fest երաժշտական և ժամանցային հերթական փառատոնի շրջանակներում:
Full Moon Fest-ն ամեն տարի մեկ բեմում ներկայացրել է ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած կատարողների: Նախորդ տարիներին փառատոնին ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Խչոն, Սեւակ Խանաղյանը և Մոտը:
Չնայած անձրևին՝ երեկոն թեժ էր ու հագեցած:
BlogNews.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Լուսինե Աչոյանը նշեց, որ այս տարին առաձնահատուկ է արտիստների ներգրավվածության առումով:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մասնակիցներին, որ չնայած այս պայմաններին՝ եկան ու մեր կողքին են, այսքան ուրախանում են: Իհարկե միջոցառումների ոլորտում ֆորսմաժորներն անխուսափելի են և այսօրվա անձրևը դրա վառ օրինակն է: Full moon fest-ն արդեն 4-րդ անգամ է կայանում: Այս անգամ ունենք վեց երաժշտական խումբ, ընտրել ենք ամենասիրելի փոփ-երաժշտական խմբերին, և ինչպես տեսնում եք՝ շատ վայելում են մեր մասնակիցները: Եվ չնայած անձրևին՝ դրական ու լավ էներգիա ենք էստեղ ստանում»,- նշեց կազմակերպիչը:
Արտիստների մեծ մասն այս տարի առաջին անգամ է եկել Հայաստան: «Նրանք շատ ուրախ են Հայաստանում համերգ ունենալու համար, նույնիսկ բեմից մի քանի անգամ շեշտեցին դրա մասին: Իրենց հետ իրականում շատ հեշտ է շփվելը: Full moon fest-ի նպատակն է ամեն տարի ավելի զարգանալ և հնարավորության դեպքում ավելի շատ միջազգային արտիստների ներգրավել, և սա մեր առաջին փորձն է երեք տարբեր երկրներից արտիստներ հրավիրելու: Հույս ունենք, որ հետագայում կկարողանանք ավելի ծավալվել և ավելի մեծ թիմով և արտիստներով ներկայանալ»,- հույս հայտնեց Լուսինեն:
D’Litte-ը փառատոնին ներկայանալու փորձ ունի, երգչուհին արդեն երրորդ տարին է Full moon fest-ի անբաժան մասն է: «Շատ կարևորում եմ, որովհետև կապը և կոմունիկացիան հանդիսատեսի հետ շարունակական է լինում, իսկ դա ինձ համար շատ կարևոր է, մանավանդ երբ հեղինական-կատարող ես: Անձրևը բացարձակ չազդեց տրամադրության վրա: Իրականում ես էլ առողջական խնդիրներով եմ եկել, բայց հանդիսատեսը պետք է գաղափար չունենա, թե դու ինչ վիճակում ես: Ինձ կարևոր է այդ էմոցիաները կիսելը, որովհետև 45 րոպեի ընթացքում դու մի չորս տարի ավելի ես ապրում բեմում ելույթ ունենալիս»,- կիսվեց երգչուհին:
Արտիստները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բուռն արձագանքի համար՝ վայելելով ներկաների վառ էմոցիաները: Իսկ փառատոնի կազմակերպիչները խոստացան հաջորդ տարի վերդառանալ նոր արտիստներով ու ավելի մեծ մասշտաբներով: