Civilnet.am-ը գրում է.
Քննչական կոմիտեն 125 000 դոլար արժողությամբ Toyota Land Cruiser 300 3.5 ամենագնաց է ձեռք բերել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար։ Մեքենան մատակարարելու է «Տոյոտա Երևան» ընկերությունը։
Գնման պայմանագիրը Քննչական կոմիտեի և «Տոյոտա Երևան»-ի միջև կնքվել է հուլիսի 8-ին։ Մեքենայի արժեքը 49,2 մլն դրամ է, այն մատակարարվելու է երեք ամսվա ընթացքում։ Գնման մրցույթին մասնակցել է միայն «Տոյոտա Երևան»-ը։ Մեքենան, որ սպասարկելու է Արգիշտի Քյարամյանին, 2024-ի արտադրության է, բենզինային շարժիչով, ունի 415 ձիաուժ հզորություն, գործարանային վիճակում է՝ երաշխիքային երեք տարի ժամկետով։
Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել Քննչական կոմիտեի նախագահի համար այսպիսի թանկարժեք մեքենա ձեռք բերել։ Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ «կոմիտեի նախագահին ներկա պահին սպասարկում է 2012 թվականի արտադրության Hyundai Genesis 3.3 մակնիշի ավտոմեքենա»։ Ըստ ՔԿ-ի՝ այս մեքենայի օգտակար ծառայության ժամկետը լրացել է ու հետագա օգտագործումն արդյունավետության տեսանկյունից ոչ նպատակահարմար է»։
Քննչական կոմիտեի նախագահի համար Toyota Land Cruiser-ի գնումը հակասության մեջ է 2022-ի հոկտեմբերի 20-ին կառավարության ընդունած այն որոշման հետ, ըստ որի պետական մարմինների համար ձեռք բերվող մեքենաների հարցում նախապատվությունը տրվելու է էլեկտրոմոբիլներին։ Գնման գործընթացի առանձնահատկությունը սահմանող այդ որոշման մեջ նշվում էր, որ ձեռք բերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը (վառելիք, երաշխիքային սպասարկում և այլ ծախսեր) և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։
Այս նպատակով կառավարությունն այս տարվա հուլիսի 11-ին ավելի քան 1 մլրդ դրամ ծախսեց՝ 49 էլեկտրական Volvo-եր գնելու նպատակով։ Դրանից առաջ Քննչական կոմիտեն ձեռք էր բերել նաև 10 BYD էլեկտրական ավտոմեքենա՝ 122 միլիոն դրամով։ Այդ մեքենաները օգտագործվելու են «Քննչական կոմիտեի անձնակազմի ծառայողական պարտականությունների կատարման, տեղաշարժի օպերատիվությունն ապահովելու նպատակով»։
Քննչական կոմիտեին Toyota Land Cruiser մատակարարող «Տոյոտա Երևան»-ի բաժնեմասի 60 տոկոսը պատկանում է հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին, 30 տոկոսի սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, մյուս 10 տոկոսը պատկանում է Վահե Գզրարյանին։ «Տոյոտա Երևան»-ից է ձեռք բերվել ոստիկանության պարեկային ծառայության մեքենաների մի մասը։ 2022-ին կառավարությունը 3,1 մլրդ էր փոխանցել ընկերությանը՝ 45 Toyota Fortuner մատակարարելու համար։