Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա, այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Ծայրահեղականը պղպեղի հեղուկ է ցողել հայկական պանդոկի մուտքից ներս, տուժել են պանդոկի այցելուները: Մի քանի օր առաջ երկու այլ ծայրահեղականներ ներխուժել էին նույն պանդոկ, ահաբեկել այցելուներին, վնասել գույքը:
Երուսաղեմում կրոնական և ազգային հողի վրա հայերի վրա հարձակումները վերջին տարիներին դարձել են պարբերական, գնալով ավելի հանդուգն ու ագրեսիվ:
«Բացի անհատական հարձակումներից, արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում են հայապատկան հողերը և բացառիկ նշանակության ժառանգությունը խլելու նպատակով իրականացվող կազմակերպված բնույթի հարձակումները, որոնք մի քանի անգամ վերածվել են ծայրահեղականների ու ժառանգությունը պաշտպանող հայերի միջև բախումների:
Այս ամենը հասցրել են դատապարտել անգամ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, Իսրայելի պետությանը կոչ արել պաշտպանել ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Շուրջ 3 տարի ձգվող այս ճգնաժամի մեջ ամենաանհաղորդ կողմը շարունակում են մնալ հայկական պետության ներկայացուցիչները: Այս ողջ ժամանակահատվածում որևէ դատապարտող հայտարարություն, որևէ պաշտոնական արձագանք, որը կօգներ զսպել ծայրահեղականներին, պատժել տարիների ընթացքում տասնյակ հանցագործությունների հեղինակներին չի եղել: Աշխարհի միակ պետական սուբյեկտը, որն ունի հայերի իրավունքները պաշտպանելու պարտականություն, ոչ միայն ձեռքերը լվացել է այդ գործից, այլ դիրքորոշում է արտահայտում գրեթե բոլոր ճգնաժամային իրավիճակներում, բացի այն դեպքերի, երբ հանցագործությունը ուղղված է սեփական ազգի ներկայացուցիչների դեմ: Դուք չեք տեսնի ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարություն, որը «ցնցվում է» աշխարհի տարբեր հատվածներում հայերի դեմ թշնամական հարձակումներից: Մինչդեռ դա տարբեր կառավարություններին ուղղված հստակ ուղերձ կլիներ առ այն, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնց շահերը պաշտպանող պետություն գոյություն ունի»,- գրել է Վարդանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել