Tert.am-ը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում է հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլեր։ «Հայկական օրակարգի» (նախագիծ, որ մեր կազմակերպությունը իրականացնում է արդեն երկու տարի) խնդիրն այս փուլում սա է. գտնել լուծումներ։ Չորս տարի առաջ, իմ հաշվարկով, մի 15-20 հոգի էինք, որ բոլոր հնարավոր ամբիոններից «գոռում էինք» մոտեցող աղետի մասին, բայց այդ ձայնը չլսվեց։ Այսօր ուզում եմ, որ խոսենք ավելի բարձր, որպեսզի վաղը ուշ չլինի։

Իմ առաջին զրուցակիցն Արմեն Աշոտյանն է՝ մարդ, ով իր գործունեության և սկզբունքների համար ավելի քան մեկ տարի է անազատության մեջ է, բայց շատ ավելի ազատ ու արդյունավետ աշխատանքային վիճակում է, քան՝ ֆիզիկապես ազատ շատերը։

- Իրավիճակի գնահատական։ Ցավոք, հայ հասարակությունը, նրա կրթված և ակտիվ շերտերը լավ չեն պատկերացնում, թե ուր է տանում ընթացքը, և թե ինչ անհավատալի բարդ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը հաշված ամիսների ընթացքում։ Ձեր գնահատմամբ՝ ընթացքը չփոխվելու դեպքում, ո՞ր սցենարն է (կամ սցենարներն են) հավանական։ Ո՞րն է Հայաստանի համար լինելու նոր իրականությունը։

- Եթե ընթացող քայքայման գործընթացը չկասեցվի, ապա ելքը կանխատեսելի է. Հայաստանի Հանրապետության մահը՝ որպես ազգային (nation-state), ինքնիշխան և անկախ պետություն։ Այսօրվա ՀՀ-ն կդառնա որոշակի տարածքում, հայերին չպատկանող, չհայկական, թուրքական վասալիտետի տակ գտնվող մարիոնետային անկլավ Մեծ Թուրանի տարածքում՝ այսօրվա օկուպացիոն ռեժիմի ռեմիքսված տարբերակի իշխանության ներքո։

Այս սցենարի ուղղությամբ համակցված աշխատում են երեք մակարդակներում՝ լոկալ (Ն. Փաշինյան), ռեգիոնալ (Էրդողան-Ալիև) և գլոբալ (ատլանտիստներ)։ Տվյալ վերջնակետին նրանք կհասնեն՝ ցուցաբերելով «թեժ» և «սողացող» ագրեսիաներ հայ ժողովրդի դեմ։ Ցանկացած հիվանդություն դժվար է ախտորոշել սկզբնական փուլում, դրա համար 2018-ին քչերն էին տեսնում և հասկանում թե ինչու է Նիկոլ Փաշինյանը բերվել իշխանության։ Գնալով այս հիվանդության կլինիկական պատկերը ավելի ցայտուն է դառնում, իսկ հիմա այլևս թևակոխել է «ծաղկման» շրջան։ Ուստի բոլոր նրանք, ովքեր ձև են տալիս, թե չեն նկատում այն, բարոյական հանցանք են գործում, անկախ նրանից՝ հանցավոր անտարբերությո՞ւն է, թե՞ հանցավոր մասնակցություն։

- Որո՞նք ենք իշխանության հիմնական խոշոր սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին, և տանում են երկիրը պատմական աղետի։

- Համաձայն չեմ հարցի ձևակերպման հետ. Հայաստանի կործանման սցենարում Նիկոլը սխալներ չի գործել, այլ ամեն ինչ արել և անում է դիտավորությամբ, կանխամտածված և ծրագրավորված։

Այլ կերպ բացատրել նրա ճակատագրական որոշումները հնարավոր չէ։ 2018-ից մինչև 2020-ը նա կանխամտածված քանդում էր Հայաստանի և Արցախի բանակցային դիրքերը, կազմալուծում բանակը, քայքայում հանրային համերաշխությունը։ 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված «սխալները» նույնքան կանխամտածված էին, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ից առ այսօր նրա վարած քաղաքականությունը, բոլոր ուղղություններով, նույն հանցավոր ծրագրի շարունակությունն է։ Հայաստանի թշնամիների տեսակետից Նիկոլն ամեն ինչ ճիշտ է անում Հայաստանը վերացնելու համար։ Ցավոք, մեզ միջից քանդելու ռազմավարությունն առ այսօր անխափան իրագործվում է։

- Ունենք հետևալ իրավիճակը. կա հստակ քաղաքականությամբ և համառությամբ երկիրը փորձանքի տանող իշխանություն, դիմացը՝ մեծ հակաիշխանականություն, բայց որը հստակ քաղաքական լուծումներ-տարբերակներ չի ներկայացնում, որոնք հասկանալի կլինեն հայ հասարակությանը, հարևաններին, միջազգային հանրությանը։ Հատուկենտ գործիչներ և միավորներ են առարկայական միտք ձևակերպում։ Ո՞րն է առողջ-ունակ մարդկային ռեսուրսի կոնսոլիդացիայի հնարավորությունը։ Ակնհայտ է, որ դեպի աղետ գնացող ընթացքի համար պետք են հստակ և խիզախ առաջարկներ։ Կարո՞ղ ես քո կողմից ձևակերպել առաջարկներ։

- Հասկանում եմ հարցի խորությունը, բայց ազնվորեն պիտի ասեմ։ Երբեմն նման քննարկումները ինձ հիշեցնում են բանավեճ, թե վթարից հետո ի´նչ գույնի ներկենք ահաբեկիչ վարորդի պատճառով դեպի ձորը ընթացող մեքենան։ Ուզում եմ ասել, որ Post-Nikol հարցն անշուշտ շատ կարևոր է, բայց այսօրվա ճգնաժամի ընթացքում գերկենտրոնացումը տվյալ ուղղության վրա նույնպես արդյունավետ չէ։ Հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և առաջնային խնդիրը նրան կայունացնելն է, և հետո՝ ռեկոնստրուկցիայի, տրանսպլանտացիայի կամ պրոթեզավորման մասին որոշումներ կայացնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել