Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա նախանշելու համագործակցության հետագա ոլորտներն ու կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմիններին՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը:
Աննա Վարդապետյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, խոշտանգումների, կիբերհանցավորության դեմ պայքարին և այլն:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան կարևորել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընթացող աշխատանքներն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ջանքերին:
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և ընդգծել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել