Armeniansputnik.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:
Sputnik Արմենիան դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։
«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված էր պատասխանում։
Հուլիսի 1-ին մենք նոր հարցում ուղարկեցինք Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները և հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պետք է ավարտեին հուլիսի 1-ին (կանոնակարգն այդպես էլ չընդունվեց. խմբ.):
Չնայած հարցմանը պատասխանելու սահմանված ժամկետ լրացել է, բայց մենք պատասխան չենք ստացել։ Հավելենք, որ այս ընթացքում գրասենյակից բանավոր պարզաբանումներ ստանալու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել:
Նշենք` ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հուլիսի 1-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և հանձնաժողովները միմյանց են փոխանցել համատեղ աշխատանքի կանոնակարգի նախագծերը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: